Հասարակություն 

Հայազգի նկարիչ Շիմոն Հոլոշիին նվիրված միջոցառումներ Ռումինիայի Մարամուրեշ նահանգում

analitik.am

Մարտի 24-ից 26-ը Ռումինիայի Մարամուրեշ նահանգի վարչական կենտրոն Բայա-Մարե և սահմանային Սիգետու Մարմացիեյ քաղաքներում տեղի ունեցան հայկական միջոցառումներ` նվիրված հռչակավոր հայազգի նկարիչ Շիմոն Հոլոշիի ծննդյան 160-ամյակին: Միջոցառումներին, որը կազմակերպել էին Սիգետու Մարմացիեյի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց միության Բայա Մարեի մասնաճյուղը, մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի Հայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը:

Հոբելյանական միջոցառմանը հայազգի նկարչի տան պատին բացվեց եռալեզու ցուցանակ։

Այնուհետև, Սիգետու Մարմացիեյ քաղաքի Մարամուրեշի թանգարանում տեղի ունեցավ գիտական սեմինար, որի ընթացքում Կլուժի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան-Նաստասե Կովաչը ներկայացրեց նկարչի կյանքը և գործունեությունը:

Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և Սիգետու Մարմացիեյի քաղաքապետ Հորիա Սկուբլին:

Թանգարանի սրահում կազմակերպվել էր նաև Բայա Մարեում Հայոց միության կենտրոնին կից «Շիմոն Հոլոշի» նկարչական դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես՝ «Ռումինիայի հայկական եկեղեցիները» թեմայով:

Ապա, ռումինահայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին նշանավոր նկարչի շիրիմին:

Օրվա երկրորդ կեսին կազմակերպվեց այց Յոան Միհալի դե Ապշայի տուն- թանգարան, որտեղ ցուցադրված է Շիմոն Հոլոշիի «Հուստուլուի ամրոցը» կտավը, իսկ երեկոյան տեղի ունեցավ ռումինա-հայկական ազգային երաժշտության համերգ, որի ընթացքում հանդես եկավ Գեռլայի «Հայաքաղաք» պարախումբը:

Միջոցառումների ընթացքում հանդիսավորապես բացվեց ՌՀՄ Բայա Մարեի մասնաճյուղի գրասենյակը (հիմնադիր նախագահ Սորին Գդլեան), ինչպես նաև Բայա Մարեի քաղաքային գրադարանում և Սիգետու Մարմացիեյի Մարամուրեշի թանգարանում տեղի ունեցան Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի զավակները» վեպի շնորհանդեսները:

Սիգետու Մարմացիեյ կատարած այցի ընթացքում դեսպան Գասպարյանը զրույց ունեցավ նաև քաղաքապետ Հորիա Սկուբլիի հետ։

Դեսպան Գասպարյանը և Վարուժան Ոսկանյանը այցելեցին նաև հրեա նշանավոր գրող և փիլիսոփա Էլի Վիզելի տուն-թանգարան:

Տեղեկանք․Շիմոն Հոլոշին (1868-1916թթ․), (հայկական ազգանունը՝ Կորբուլյան) ծնվել է Ավստո-Հունգարական կայսրության կազմում գտնվող Սիգետու Մարմացիեյ քաղաքում և համարվում է 19-րդ դարի հունգարական նկարչության նատուրալիզմի և ռեալիզմի ամենակարկառուն ներկայացուցիչը, Բայա Մարեի նկարչական դպրոցի հիմնադիրը:

Նույն շարքից