Հասարակություն Միջազգային 

Միջեկեղեցական նիստի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ

analitik.am

Ապրիլի 22-ին Երեւանի Մարզահամերգային համալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում «Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը՝ Աստծո պարգեւ» խորագրի ներքո տեղի ունեցած միջեկեղեցական նիստի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ նիստին մասնակից 35 Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերն ու պատվիրակները, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան հետեւյալ համատեղ հայտարարությամբ`

«Աստծու ողորմությամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի եւ Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով համախմբված Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ լուսավորված, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությամբ խնամված Հայաստան աշխարհում` Աստվածաշնչյան Արարատի երկրում, փառավորելով Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, մենք` Եկեղեցիների պետերս, Եկեղեցիների եւ միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներս, առաջնորդվելով կյանքի` Աստվածաստեղծ լինելու ու Տիրոջը պատկանելու քրիստոնեական ճշմարտությամբ եւ կյանքի սրբության ու անձեռնմխելիության Աստվածահաստատ պատվիրաններով (Ծննդ. 1:27, Ելից 20:13, Հովհ. 1:4), հավատալով մարդկանց միջեւ համերաշխության եւ աշխարհում խաղաղության հաստատմանն ուղղված Քրիստոսի Սուրբ Եկեղեցու նվիրական առաքելությանը, վկայելով, որ Եկեղեցին կոչված է մարդկային հոգիների փրկության եւ երկրի վրա կյանքի պաշտպանության առաքելությանը, հաստատում ենք, որ կրոնական, ազգային, էթնիկական կամ ռասսայական խտրականության հիման վրա իրագործված բռնություններն ու սպանությունները չունեն արդարացում, եւ դրանց նկատմամբ չեն տարածվում վաղեմության ժամկետները,

դատապարտում ենք խաղաղությանը ու մարդկային կյանքի անվտանգությանը սպառնացող ցեղասպանությունները եւ բոլոր հանցագործությունները իբրեւ մարդկության դեմ ուղղված չարիքի եւ մեղքի դրսեւորում, դատապարտում ենք աշխարհում` մասնավորաբար Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական հողի վրա շարունակվող բռնությունները, որոնք պատճառ են դառնում մարդկային ցավալի կորուստների եւ հոգեւոր ու մշակութային արժեքների եւ ժառանգության անդառնալի ոչնչացման, համոզված ենք, որ ապագա նման ոճրագործությունների կանխարգելման հիմնական երաշխիքներից են ցեղասպանության բոլոր հանցագործությունների ճանաչումը եւ դատապարտումը, ժխտողականության իսպառ մերժումը եւ հատուցման պահանջի ներկայացումը,

մեր զորակցությունն ենք բերում ցեղասպանության ենթարկված ազգերին եւ վճռականորեն ենք տրամադրված պաշտպանելու մարդկային արժանապատվությունը եւ խաղաղությունը ժողովուրդների միջեւ, կոչ ենք ուղղում ազգերի առաջնորդներին, անհատներին եւ բարի կամքի տեր բոլոր մարդկանց միավորելու իրենց ջանքերը տառապանքից եւ բռնություններից զերծ արդար եւ ներդաշնակ աշխարհի կերտման գործում, աղոթում ենք

Հայոց Ցեղասպանության նահատակների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետեւանքով բոլոր զոհերի համար եւ հայցում Ամենակարող Աստծուն զորացնել մեզ աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման մեր առաքելության ճանապարհին»:

Նույն շարքից