Հայաստան Հասարակություն 

Անրի Վերնոյի որդին Մարսելից Հայաստան է հասել մոտոցիկլետով

Հայազգի հայտնի ռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, ապրիլի 22-ին մոտոցիկլետով ժամանել է Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Լրագրողների հետ զրույցում Պատրիկ Մալաքյանը պատմեց, որ Հայաստան է եկել մոտոցիկլետով, որովհետեւ այն իրեն ազատություն է տալիս:

 

«Մոտոցիկլետը տալիս է ազատություն, ինչը մեքենան տալ չի կարող: Harley Davidson-ն այն մոտոցիկլետն է, որն ազատության խորհրդանիշն է: Դրանով ես դուրս եմ եկել Մարսելից, մեկնել Լեհաստան, Իտալիա, Հունաստան, Թուրքիա, Վրաստան, իսկ վերջում արդեն Հայաստան»:

 

Երեւան ժամանելուն պես Պատրիկ Մալաքյանը մոտոցիկլետով շարժվել է դեպի Անրի Վերնոյի անունը կրող փողոց, երկար ժամանակ կանգնել հոր անունը կրող հուշաքարի մոտ, իսկ ամբողջ ընթացքում հնչում էր «Դլե Յամանը»:

«Հայաստան գալու ամբողջ ընթացքում լսել եմ Արա Գեւորգյանի եւ Լեւոն Մինասյանի կատարումները: Վերջինս դուդուկ է նվագում, նա ապրում է Մարսելում»,- ասաց հայտնի ռեժիսորի որդին:

Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ից, Լիբանանից եւ Գերմանիայից մոտոցիկլետներով Հայաստան են ժամանել եւս 30 բայքերներ:

Նույն շարքից