Տարբեր երկրներից ժամանած ալպինիստներն իրենց վերելքը դեպի Եվրոպայի ամենամեծ գագաթ՝ Էլբրուս, կնվիրեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:
Մայիսին կայանալիք վերելքին կմասնակցեն նաև Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ուժեղագույն լեռնագնացները՝ ի դեմս Էդուարդ Սարգսյանի, Շուշանիկ Ռուբենյանի, Արտաշես Մկրտչյանի, Վարդան Խաչատրյանի և Նարինե Ճաղարյանի:
«Հաղթանակ. հիշատակ. Խաղաղություն» նախագծի հեղինակներն են Ռուսաստանի և Բելառուսի ալպինիզմի ֆեդերացիաները: Նախագծին աջակցում են Ղրղըզստանը, Ուկրաինան և Ղազախստանը: Վերելքին կմասնակցեն նաև ալպինիստներ Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Լեհաստանից: Նախատեսվում է, որ Էլբրուսում շուրջ 300 ալպինիստ կհավաքվեն:
Մասնակիցները Էլբրուսի գագաթին կտեղադրեն Հաղթանակի դրոշի կրկնօրինակը և իրենց երկրների պետական դրոշները: Էլբրուսը՝ որպես վերելքի անցկացման վայր, պատահական չի ընտրվել. այս լեռը և ընդհանրապես ողջ Կովկասը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գտնվում էր ֆաշիստների հետ պատերազմի էպիկենտրոնում:
«Հաղթանակ. հիշատակ. Խաղաղություն» վերելքը կիրականացվի Red Fox Elbrus Race էքստրեմալ մարզաձևերի ամենամյա փառատոնի շրջանակում: