Հասարակություն 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հանդիպում

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Հովվապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի և Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պետ և Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հանդիպումը:



Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն է հայտնել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների հոգևոր պետերի այս հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ 1965 թ. Ադիս Աբեբայի հանդիպումից հետո նման հնարավորություն չի ընձեռվել: Նորին Սրբությունը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել վերջիններիս Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանելու առիթով:



Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ողջունելով Քույր Եկեղեցիների առաջնորդներին, ներկայացրել է սրբադասման արարողության կարևոր նշանակությունը:



Հանդիպման ընթացքում հովվապետերը քննարկել են Արևելյան Ուղղափառ Քույր Եկեղեցիների ընտանիքին հուզող խնդիրները, անդրադարձ կատարել մասնավորապես Եկեղեցիների հավատացյալների առջև ծառացած մարտահրավերներին: Կարևոր է նկատվել, որ վերականգնվի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի պարբերական հանդիպումների ավանդությունը, ինչը կարևոր խթան կլինի համագործակցության զորացման համար:

 

Ղպտի, Ասորի և Մալանկարա Եկեղեցիների առաջնորդները ևս գոհունակություն են հայտնել Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա գտնվելու կապակցությամբ և իրենց հերթին վերահաստատեցին Քույր Եկեղեցիների հովվապետերի հանդիպումների կարևորությունը:

Նույն շարքից