Հայաստան Հասարակություն 

Վարդան Պետրոսյանի սթափության վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել

analitik.am

Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրի բժշկական կենտրոնի» և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխան բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել, ուստիև՝ քրեական գործի վարույթը կարճվել է։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։

2015 թվականի մարտի 9-ին փաստաբան Ռ. Բալոյանից ստացվել էր դիմում առ այն, որ  2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում Վ.Պետրոսյանն իր «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Ա. Հակոբյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդն ու հինգ ուղևորը, ինչպես նաև  «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Պետրոսյանը տեղափոխվել էին «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններ:

 

Վթարի հետևանքով երկու անձ՝ Էդգար և Էդվարդ Հակոբյանները, մահացել են:

Նույն դիմումում փաստաբանը հայտնել էր, որ Վ. Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրի բժշկական կենտրոնի» կողմից տրված թիվ 113 արձանագրության և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ:

Նկատի ունենալով, որ դիմումում մատնանշված հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել կատարել քննչական և դատավարական գործողություններ՝ Կոտայքի  մարզային քննչական վարչությունում մարտի 19-ին  հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կատարված նախաքննությամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից Վ. Պետրոսյանի անվամբ կազմված հիվանդության պատմագրում և «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Վ. Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ զննման արձանագրություններում կեղծիքներ չեն հայտնաբերվել։

Հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները՝ 2015 թվականի ապրիլի 21-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Օրենքով սահմանված կարգով կողմերը տեղեկացվել են որոշման մասին։

 

Նույն շարքից