Հայաստան Հասարակություն 

Կոչ ենք անում օգնել ոստիկաններին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի այս օրերին. Ա. Ահարոնյան

analitik.am

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  Facebook-ի իր էջում կոչ է արել ըմբռնումով մոտենալ երթեևեկի սահմանափակումներին, և ավելին` աջակցել ոստիկաններին`«ապահովելու մեր ու մեր զավակների անվտանգությունը և Հայաստանի արժանապատիվ կերպարը ողջ աշխարհի առաջ»:

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի այս ազդեցիկ օրերին և հատկապես՝ այսօր ու վաղը բազմաթիվ ու բազմաբնույթ են մեր սուրբ նահատակների հիշատակի ու ոգեկոչման արարողությունները: Եվ այդ զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովումն իրականացնում է ոստիկանությունը: Այդ կարևորագույն խնդրի լիարժեք կատարման հրամայականով է պայմանավորված և՛ ոստիկանության վերակարգերի մեծ թիվը մեր հրապարակներում ու փողոցներում, և՛ երթևեկի անխուսափելի սահմանափակումները, և՛ որոշակի դժվարությունները, որ կրում են մեր համաքաղաքացիները:

 

Խնդրում ենք ներողամիտ լինել և ըմբռնումով ու պահի լրջության գիտակցմամբ մոտենալ այդ դժվարություններին, որ պայմանավորված են հասարակական կարգի ապահովման անհրաժեշտությամբ:

Կոչ ենք անում օգնել ոստիկաններին, որոնք մեր ու հանրապետության հյուրերի անվտանգությունը պահպանելու պատասխանատու առաքելությունն են իրականացնում:

 

Այս օրերին բոլոր հնարավոր միջոցներով, նաև զգոնությամբ ու ոստիկանության ծառայողների ցուցումները կատարելով աջակցենք նրանց՝ ապահովելու մեր ու մեր զավակների անվտանգությունը և Հայաստանի արժանապատիվ կերպարը ողջ աշխարհի առաջ:

 

Նույն շարքից