Քաղաքականություն 

Հակամարտության կարգավորման հարցում Երևանի և Բաքվի դիրքորոշումներն էականորեն մոտեցել են. Լավրով

analitik.am

Միջնորդների կատարած աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Երևանի և Բաքվի դիրքորոշումներն էականորեն մոտեցել են, հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցվել են, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե իրենք անկեղծորեն հետաքրքրված են, որ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն հաստատվի, մարդիկ չզոհվեն, սահմանները բացվեն, վերականգնվեն տնտեսական կապերը. «Դրա համար անում ենք այն, ինչ հնարավոր է»:

Լավրովը միաժամանակ նշել է, որ հայկական և ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են տեսնում այն հերթականությունը, որով պետք է կատարվեն հիմնարար պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել. «Այս առումով մեր խնդիրն է օգնել կողմերին գտնել բալանսավորված քաղաքական որոշում: Հույս ունենք, որ Երևանն ու Բաքուն քաղաքական կամք և փոխզիջումների գնալու պատրաստակամություն կդրսևորեն: Դա պարտադիր է բանակցային գործընթացի շարունակության համար»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերով, կարևոր է, որ լարվածությունը հակամարտության գոտում թուլանա և կողմերը հրաժարվեն ուժային մեթոդներից, եթե ցանկություն կա առաջընթաց գրանցելու. «Ռուսաստանն իր կողմից պատրաստ է աջակցել այն որոշմանը, որը ձեռնտու կլինի կողմերին և պայմանավորվածության դեպքում պատրաստ է երաշխավոր լինել»:

Նույն շարքից