Հասարակություն 

Ըստ հաղորդման` պատոնատար անձը 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք է պահանջել և ստացել

analitik.am

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նույն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ի հաղորդման հիման վրա:

Մասնավորապես, վերջինս 23.03.2017թ.-ին հաղորդում է տվել այն մասին, որ  հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց  պահանջել և իր հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով  կաշառք: Ըստ Ալեն Մ.-ի` ՔԿՀ-ի աշխատակիցը նրանցից նախապես պահանջել է 50.000 ԱՄՆ դոլար, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի մորից, եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի գրեթե կեսը` 21.500 ԱՄՆ դոլար: Սակայն գումարը ստանալուց հետո  ՔԿՀ-ի աշխատակիցը տևական ժամանակ խոստումը չի կատարել, այդ պատճառով երկու տարի անց` 2017թ.-ին  դատապարտյալը հաղորդում է տվել հանցագործության հանգամանքների մասին:

Այսպիսով, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից