Քաղաքականություն 

ԱԳՆ դիվանագիտական դպրոցում բացվել է լինգաֆոնային լսարան

analitik.am

Ապրիլի 5-ին Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ բացվեց լինգաֆոնային լսարան:

Լսարանի` անհրաժեշտ սարքավորումներով կահավորումը և ծրագրային ապահովման ձեռք բերման միջոցները հատկացվել են Մարգարիտա Բորովլյովա-Ղուշչյանի կողմից՝ ի հիշատակ իր հոր Ռուդոլֆ Ղուշչյանի, ով երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել արտերկրում ԽՍՀՄ դիվանագիտական և առևտրական ներկայացուցչություններում։

Լսարանը հագեցած է գերժամանակակից տեխնիկական միջոցներով և ծրագրային լուծումներով, որոնք հնարավորություն են ընձեռում նորագույն մեթոդների կիրառմամբ իրականացնել տարբեր օտար լեզուների արդյունավետ ուսուցում։ Լսարանը նախատեսված է օգտագործել ինչպես Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների, այնպես էլ վերապատրաստման ծրագրերին մասնակցող պաշտոնյաների համար։

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը երախտագիտություն հայտնեց Ռուդոլֆ Ղուշչյանի ընտանիքին՝ Դիվանագիտական դպրոցին աջակցելու համար՝ շեշտելով, որ լսարանը ավելացնում է դպրոցի կարողությունները և զգալիորեն կնպաստի կրթական գործընթացին։

Ներկաներին ողջունեցին նաև Ռուդոլֆ Ղուշչյանի այրին և դուստրը, ովքեր նշեցին, որ այս տարի կլրանար Ղուշչյանի 85-րդ տարեդարձը և նրա անվամբ լինգաֆոնային լսարանի բացումը նրա հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն էր:

Տեղեկանք. Ռուդոլֆ Սերգեյի Ղուշչյանը (1932թ. Թբիլիսի - 1997թ. Մոսկվա) 1963թ. ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո գործուղվել է Հնդկաստան, որտեղ աշխատել է ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում մինչև 1966թ.:

1967թ. ընդունվել է ԽՍՀՄ Արտաքին առևտրի ակադեմիա, որն ավարտելուց հետո որպես դիվանագետ գործուղվել է Լիբիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչություն:

1973-1977թթ. եղել է ԽՍՀՄ առևտրային ներկայացուցիչը Սոմալիում, իսկ 1981-1987թթ.՝ Գանայում:

Վերադառնալով գործուղումից՝ աշխատել է որպես ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության Հումքային, պարենային և սպառողական արտահանման ու ներմուծման գլխավոր հանձնաժողովի ղեկավարի տեղակալ:

1982թ. ԽՍՀՄ արտաքին առևտրի համակարգում բազմամյա արդյունավետ աշխատանքի համար նրան շնորհվել է պատվոգիր:

1991թ. գործուղվել է Հայաստան՝ Հայաստանի Հանրապետությանը արտաքին առևտրի բնագավառում գործառույթների փոխանցում իրականացնելու համար: Կարևոր ներդրում է ունեցել Ալժիրին տրամադրված հատուկ տնտեսական վարկերից ձևավորված պարտքի խնդրի լուծման գործում: 1993թ. ի վեր աշխատանքի է անցել Վառելիքի և էներգետիկայի նախարարությունում, մասնակցել է «Սիդանկո» նավթային ընկերության ստեղծմանը, որտեղ աշխատել է 1994-1997թթ.:

Աշխատանքի ընթացքում նա դրսևորել է կազմակերպչական և ղեկավար բացառիկ կարողություններ, արժանացել գործընկերների հարգանքին:

Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն և արաբերեն լեզուներին:

Նույն շարքից