Հասարակություն 

Ապրիլի 7-ին մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ

analitik.am

Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը, Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար:
Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով:
Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում նաև մայրաքաղաքի փողոցներում, Երևանի մետրոպոլիտենում: Կանայք և աղջիկները ժամը 12:00-19:00-ն կարող են այցելել նաև Ազատության հրապարակ՝ դառնալով «STR» ՀԿ հետ համատեղ անցկացվող ավտո-մոտո թյունինգ շոուի մասնակիցը:
Ժամը 18:00-20:00-ն Հյուսիսային պողոտայի միջնամասում տեղակայված բեմահարթակում կկազմակերպվի համերգային ծրագիր:
Ժամը 19:00-ից էլ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ կմիացվեն շատրվանները, որոնք կներկայանան ամբողջությամբ նոր երգացանկով, ինչը կուղեկցվի հաճելի անակնկալներով:
Ապրիլի 7-ին և կանանց միամսյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ժամը 19:00-21:00-ն կանցկացվի գալա համերգ:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ անակնկալեր են սպասվում նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից