Քաղաքականություն 

Կարեն Կարապետյանը փորձել է համոզել Կարեն Կարապետյանին «փեշի քարը թափել». «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Երեք օր առաջ Թումանյան–40 հասցեում գտնվող «Ai Leoni» ռեստորանում հանդիպել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հանդիպման «քավորը» «Տաշիրի» Կարենն է եղել: Բոլորին հայտնի է, որ Գագիկ Բեգլարյանն ամեն ինչ անում էր, որպեսզի իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրության հարցում նախընտրեն իր թեկնածությունը: Ու նաև այդ նպատակով էր կենտրոնում դրել իր եղբոր` Հակոբ Բեգլարյանի թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում:

Հակոբը հավաքեց 26001 ձայն: Սա բավականին մեծ թիվ է, սակայն Գագիկ Բեգլարյանի հակառակորդ Տարոն Մարգարյանն իր աներձագի` Ռոբերտ Սարգսյանի հետ ՀՀԿ–ի համար հավաքեց ավելին` 27.107 ձայն: Ի վերջո, իշխող կուսակցությունն այսօր քաղաքապետի պաշտոնում տեսնում է Տարոն Մարգարյանին: Ինչևէ, խոսենք «Ai Leoni» ռեստորանի խորհրդավոր ընթրիքից:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, գաղտնիք չէ, իր կառավարության կազմում չի ուզում ընդգրկել Գագիկ Բեգլարյանին: Ու ոչ միայն չի ուզում, այլև, ըստ որոշ լուրերի, նրա մասին չի էլ ցանկանում լսել:

Այս դեպքում ինչո՞ւ են հանդիպել նրանք և ինչի՞ շուրջ են զրուցել երեքով: Ամենայն հավանականությամբ, «Տաշիրի» Կարեն Կարապետյանը վարչապետին փորձել է համոզել, որ նա «փեշի քարը թափի» և Գագիկ Բեգլարյանին ընդգրկի կառավարության կազմում: Մինչ այսօր վարչապետն անդրդվելի էր: Սակայն, մեր կարծիքով անուղղակի ճնշումները կշարունակվեն: Խնդիրը միայն Գագիկ Բեգլարյանը չէ, շատ ՀՀԿ–ականներ զգալի քանակի ձայներ են բերել կուսակցությանը և այժմ փորձելու են որպես փոխհատուցում պաշտոն ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից