Հասարակություն Մամուլի ակումբ Մշակույթ 

«Սոսե» կինոփառատոն. բովանդակությունը՝ կին

analitik.am

Ապրիլի 16-ին «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ««Սոսե» կինոփառատոն. Բովանդակությունը՝ կին» թեմայով ասուլիսի հյուրերն էին «Սոսե» կինոփառատոնի նախաձեռնող կազմակերպիչներ Մարիամ Մինասյանը, Ռիտա Խալաթյանը և Սիմոն Սահակյանը:


Խոսելով թեմային մասին և պատասխանելով այն հարցին, թե ինչու կինոփառատոնը անվանվեց «Սոսե»,  Մարիամ Մինասյանը նշեց, որ կինոփառատոնն այդպես է անվանվել Սոսե Մայրիկի պատվին։ «Սոսե Մայրիկն իր կանացի տեսակով շատ վառ կերպար է, աշխարհին այսօր պակասում է կնոջ այդ տեսակը։ Կինոփառատոնի ժամանակ խնդիր է դրված ներկայացնել կնոջը, կնոջ դերը»:


Անդրադառնալով կինոփառատոնի բովանդակությանը՝ կազմակերպիչները նշեցին, որ այս տարի փառատոնին միայն խաղարկային ֆիլմեր են լինելու, միջազգային ֆիլմեր ներկայացված չեն: «Ներկայացված են եղել շատ ֆիլմեր, բայց ընտրվել են  9 ֆիլմ, որոնք հստակ համապատասխանում էին կինոփառատոնի բովանդակությանը և  ներկայացնում կնոջը: Ընտրված ֆիլմերի թվում են «Աշնան արև», «Մեկ ծուխ, մեկ մութ», «Մերկացած կին» և այլն»:


Սիմոն Սահակյանը հավելեց, որ «Զիս» փրոդաքշնը նպատակ ունի ամենամյա դարձնել փառատոնը: «Նման փառատոնի նպատակը երիտասարդների շրջանում կինորատադրության ակտիվացումն է: Ցավով ենք նշում, որ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտից հայտեր չկային կինոփառատոնին:


Կազմակերպիչները նաև անդրադարձան նոմինացիաներին և նշեցին, որ նոմինացված են «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն դերասանական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն սցենար» նոմինացիաները, ինչպես  նաև օնլայն քվեարկության արդյունքում կորոշվի հանդիսատեսի համակրանքը շահած ֆիլմը:


Անդրադառնալով ժյուրիին՝ կազմակերպիչները նշեցին, որ ժյուրիի  կազմում են ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Արտ Սևադան (Ամն), ռեժիսոր-դերասան Արթուր Թումասյանը (ԱՄՆ), ռեժիսոր Վահե Յանը (Ռուսաստան), դերասանուհի Լաուրա Քյոսայանը  (Ռուսաստան ): «Ընտրությունը հիմնավորված է նրանով, որ մեր հայրենակիցները շատ լավ տեղյակ են մեր կինոարտադրության  խնդիրներից և կարող են ճիշտ և հստակ գնահատել»:


Խոսելով պետական աջակցության մասին՝ «Զիս» փրոդաքշնի ղեկավար Սիմոն Սահակյանը նշեց, որ քանի որ առաջին տարին էր, իրենք չեն դիմել Մշակույթի նախարարություն, բայց աջակիցներ շատ ունեն:

Նույն շարքից