Հասարակություն 

Պետք է պայքարենք լավ սերունդ կերտելու համար. Գագիկ Գինոսյան. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթի զրուցակիցն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը.

Պարոն Գինոսյան, ավարտվեցին ընտրությունները: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ խորհրդարան ենք մենք ունենալու, կամ ովքե՞ր են լինելումեր երկրի կառավարիչները:

– Թե ինչպես ընթացան խորհրդարանի ընտրությունները, ինչպիսի գործոններ այնտեղ դեր խաղացին, ամենքս գիտենք: Ուստի նման պարագայում ինչ–ինչ փոփոխություններ ակնկալելը միամտություն կլինի: Որովհետև այդ փոփոխության հնարավորությունը պետք էր զգալ անցած հինգ տարիների ընթացքում: Հասարակությունն ինքը պետք է պատրաստվեր այդ փոփոխություններին: Մի խելոք մարդ ասում էր, հիմա անունը չեմ հիշում, եթե մեր ընտրությունից ինչ–որ բան կախված լիներ, ապա չէին թույլ տա, որ մասնակցեինք դրանց: Այնպես որ, էլի՛ ասեմ, փոփոխություններ ակնկալելը միամտություն կլիներ մեր կողմից, փոփոխությունը մենք պետք է պարտադրենք: Հասարակությունը պետք է զորեղանա ու ամեն օր պատրաստ լինի իր կամքը թելադրելու իշխանություններին:

Բայց մեր հասարակությունն այսօր այնքան թույլ է, պայքարելու, պարտադրելու պոտենցիալից նրան զրկել են պարզապես:

– Դա նորմալ է մեր պարագայում: Քանզի մտավորականության խնդիրը հասարակություն ձևավորելն է: Իսկ իշխանության խնդիրն այդ հասարակությունը կազմալուծելն է, նրան ամորֆ դարձնելն է: Կողմերից ով իր աշխատանքը լավ է անում, նա էլ ստանում է իր ուզածը: Իսկ եթե մեր մտավորականության մի ստվար մասը որպես պատանդ է հանձնվում իշխանություններին, այսպես էլ պետք է լինի: Ուղղակի անուններ չեմ ուզում տալ: Բայց ասեմ, եթե որևէ երկրում մտավորականությունն իշխանություն է դառնում, ապա այդ երկրում նման իրավիճակ է լինում: Մինչդեռ մտավորականի առաքելությունը իշխանավոր դառնալը չէ, կամ իշխանության կողքին կանգնելը չէ: Մտավորականի գերխնդիրը իշխանությանը սթափ պահելն է, որպեսզի այն ճիշտ աշխատի ու երկրի խնդիրներին ճիշտ լուծումներ տա: Այսինքն` սեփական անձը ծառայեցնի երկրին և ոչ թե հակառակը` երկիրը ծառայեցնի սեփական շահերին: Այսինքն` եթե մտավորականությունը դառնում է իշխանություն, ապա շատ բաներ երկրում կազմալուծվում են, և այդ պարագայում ճիշտ ձևավորված հասարակություն ակնկալելը շատ դժվար է:

Այդ դեպքում մեր երկրի համար առաջիկա տարիներին ի՞նչ սպասենք:

– Պայքար` լավ սերունդ կերտելու համար: Պայքար` մեր իրավունքների համար, դրանց տեր կանգնելու նպատակով: Եվ պարտադրել ցանկացած տեսակի իշխանության, որպեսզի այն վարի պետականամետ քաղաքականություն, և ոչ թե` իշխանամետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից