Հասարակություն 

Ձեռնարկատիրական կրթություն` դպրոցներում

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Շնորհակալություն հայտնելով «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը` երկար տարիների արդյունավետ համագործակցության համար, նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ անկախ Հայաստանի կրթական համակարգի ձևավորման առաջին իսկ օրերից վերոնշյալ կազմակերպությունը շատ գործուն դերակատարում է ունեցել կրթության որակի առաջընթացի և, առհասարակ, ոլորտի կայացման գործում: ««Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն առաջիններից մեկն էր, որ սկսեց տնտեսագիտության նոր համակարգի աստիճանական ներմուծումը կրթության ոլորտ և ինքնուրույն ձևավորեց սեփական համակարգը, որն արդեն հասնում է հարյուրավոր դպրոցներ և ընդգրկում հազարից ավելի ուսուցիչներ: ՀՀ վարչապետի հանձնարակականի հիման վրա ձևավորված ֆինանսական կրթության ընդհանուր հայեցակարգի շրջանակում ներկայումս ունենք դպրոցների այն համախումբը, որտեղից կսկսենք ծրագիրը»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով նաև Կենտրոնական բանկին, որի հետ համատեղ ջանքերի արդյունքում մշակվել է ձեռնարկատիրական կրթության ամբողջական փաթեթը: «Եթե ծրագիրը հաջողի, դպրոցներում կունենանք բիզնես մտածողություն և սոցիալական պատասխանատվություն կրող աշակերտներ: Երբ երեխան ստանա իր առաջին 100 դրամը, պետք է իմանա` ինչպես այն ծախսել, և շատ կարևոր է, որ մենք երեխային հասկացնենք` դրամը միջոց է, ոչ թե նպատակ: Երեխան պետք է սովորի, որ ապագայում իր ստացած գումարը օգտագործի ոչ միայն սեփական, այլ նաև հանրային օգտակարության համար: Առհասարակ,  սկսած փոքր տարիքից` երեխայի մեջ պետք է ճիշտ վերաբերմունք դաստիարակվի դրամի, կապիտալի, ձեռնարկատիրության նկատմամբ»,- նշել է նախարարը` հավելելով, որ նման դաստիարակությունն ինչ-որ կերպ պատասխան է 21-րդ դարի մարտահրավերներին:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարությանը` ընդգծելով, որ այն կարող է հանդիսանալ պետական կառույց-հասարակական կազմակերպություն համագործակցության լավագույն օրինակ: «Ուրախ ենք, որ 26 տարվա մեր համագործակցությունը հասել է այս պատասխանատու և կարևոր փուլին: Հուշագրով ձեռնարկատիրական կրթությունը ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև տարրական դպրոցը: Ուրախ եմ, որ այս հարցում Հայաստանը համահունչ քայլում է աշխարհի այլ երկրների հետ: Շատ կարևոր է, որ երեխան հասկանա` ինչ է նշանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և որ շահույթի մի բաժինը պետք է օգտագործել համայնքային աշխաատանքների մեջ»,-շեշտել է Ա. Հովհաննիսյանը:
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը համաձայնել են հետևյալի շուրջ` հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել Ձեռնարկատիրական կրթություն՝ 4 տարի տևողությամբ. /ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020/՝ տարրական դպրոցի 2-4 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, հիմնական դպրոցի 5-7 դասարաններում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» կամ այլ առարկայի մեջ, ավագ դպրոցի 10-րդ դասարանում՝ որպես տեսական, 11-րդ դասարանում՝ որպես գործնական բաղադրիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ իր իրավասությունների սահմաններում պարտավորվում է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգը, մշակել և հաստատել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, օժանդակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը՝ ուսուցիչների հավաքագրման և վերապատրաստման կենտրոնների ընտրելու հարցում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է՝ աջակցել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը, մշակել Ձեռնարկատիրական կրթության ներդմանն աջակցող ուսումնական նյութերը և ձեռնարկները, աջակցել Ձեռնարկատիրական կրթության առարկայական չափորոշիչների  ու ծրագրերի մշակմանը:

Նույն շարքից