Հասարակություն 

«ՍԱՍ»–ում հաշվեհարդար են տեսնում ձայներ չբերած աշխատակիցներից. «Փաստը»

«Փաստը» թերթը գրում է. ««ՍԱՍ գրուպի» «նախընտրական» ձայնագրության առթիվ նյութերը փոխանցվել են ՀՔԾ, սակայն դեռ քրգործ չի հարուցվել: Այս մասին «Փաստը» տեղեկացավ ՀՔԾ մամուլի ծառայությունից: Իսկ մինչ դատախազությունն ու ՀՔԾ–ն նորից ու նորից լսում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը ու չեն կողմնորոշվում՝ ինչ անել, «ՍԱՍ»–ում հաշվեհարդար են տեսնում ձայներ չբերած աշխատակիցներից: Մասնավորապես երեկվա «ՀԺ»–ից պարզ դարձավ, որ հայտնի ժողովի մասնակիցներից մեկը՝ Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշ Թումասյանը, այլևս չի աշխատում ՍԱՍ–ում: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով, ժողովը վարողն ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել–զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:

Սիրանուշ Թումասյանի մայրը՝ տիկին Արփենիկը, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը հիմա չի աշխատում, բայց առաջիկայում աշխատելու է ՍԱՍ գրուպում: «Ես չգիտեմ, հա, բայց ինքը իրանց հետ բացարձակ խնդիր չունի, խնդրում եմ մեզ այլևս չանհանգստացնեք»,– հայտարարեց Սիրանուշ Թումասյանի մայրը: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Սիրանուշին հետ են կանչել մամուլի հրապարակումից հետո. «Չէ, չէ ուղղակի ինքը պետք ա միառժամանակ տանը մնար: Ես սկի չգիտեմ էլ ինչ հրապարակում ա: Ամեն ինչ նորմալ ա Սիրանուշի մոտ, ու ինքը խնդիր էլ չի ունեցել էնտեղ»:

Հարցին, թե վերականգնվել է աշխատանքում, տիկին Արփենիկն ասաց. «Չի վերականգնվել: Ինքը ուրիշի փոխարեն ա աշխատել, մինչև էդ տվյալ անձը պետք ա գնար, հիմա ինքը նորից աշխատանք ունի»: Հիշեցրինք, որ երեկ Սիրանուշն ասել էր, որ չի աշխատում այլևս ՍԱՍ–ում: «Խնդրում եմ ձեր հարցերով ուրիշներին դիմեք: Երեկ ի՞նչ կապ ունի ոնց ա ասել, ինքը աշխատանք ունեցել ա»,– ասաց մայրը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՍԱՍ–ից զանգել կանչել են, ասաց. «Չէ, իր հետ պայմանավորվածություն ունեցել են, որ մի ժամանակ տանը պիտի մնա, մինչև իր համար գործը կարգավորվի: Շատ գոհ ա եղել ինքը իրա ամբողջ տնօրինությունից: Ինքը էդտեղ միշտ էլ աշխատանք ունեցել ա, ուղղակի պատճառներ կար, որ տվյալ ժամանակ ինքը պետք ա տանը մնար, հետո նորից գնար աշխատանքի»: «ՍԱՍ գրուպի» աշխատակցի մայրը նաև տեղյակ չէ՝ իր աղջիկը պայմանագրո՞վ է աշխատում ՍԱՍ–ում, թե՝ ոչ. «Չգիտեմ: Հիմա ինքը աշխատանքի չի, բայց աշխատանքի լինելու է»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից