Հասարակություն 

Հայկական խաչքարի բացման արարողություն Կոնստանցայում

analitik.am

Ապրիլի 25-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքի առափնյա ամենաբանուկ զբոսանքի վայրում բացվեց խաչքար-հուշարձան «ի նշան Դոբրոջայում հայության դարավոր ներկայության և որպես երախտագիտություն այն հյուրընկալ վերաբերմունքի համար, որով ընդունվել են ռումին ժողովրդի կողմից: Նաև ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, որոնք կյանքի գնով պաշտպանել են իրենց հավատքն ու ինքնությունը»:

Բացման հանդիսավոր արարողությանը հարյուրավոր ռումինահայերի, համայնքի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների և Հայաստանի դեսպանի հետ մեկտեղ ներկա էին Կոնստանցայի նահանգային խորհրդի նախագահ Հորիա Տուտույանուն, պրեֆեկտ Ադրիան Նիկոլաեսկուն, քաղաքապետ Դեչեբալ Ֆագադաուն, հույն, հրեա, ռուս և թուրք-թաթարական համայնքի ղեկավարներ, համալսարանականներ և լրագրողներ:

Հայ-ռումինական դարավոր բարեկամության, ռումինական հանրային կյանքում հայերի խոշոր ներդրման, վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի և Ռումինիայի միջև ծավալվող սերտ համագործակցության մասին ելույթներով հանդես եկան Կոնստանցայի քաղաքապետ Դեչեբալ Ֆագադաուն և դեսպան Համլետ Գասպարյանը: 1915թ. հետո Ռումինիայի կողմից հայ փախստականներին ընդունելու և ապաստան տրամադրելու համար ռումին ժողովրդին և կառավարությանն ուղղված երախտագիտության խոսքերով հանդես եկան Ռումինիայի Հայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, ով նաև կատարվեց խաչքարի օծումը:

Խաչքարը տեղադրվել է Ռումինիայի Հայոց թեմի՝ ի դեմս Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվիու Մերդինյանի և Կոնստանցայի հայոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օշական Խաչատրյանի, և Կոնստանցայի հայ համայնքի միասնական ջանքերով: Հուշարձանի բացմանը ներկա էր նաև խաչքարի հեղինակ Արտակ Համբարձումյանը, ով այն կրկնօրինակել է 16-րդ դարի վերջի Հին Ջուղայի մի խաչքարից:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից:

Նույն շարքից