Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության շարքերը կհամալրի մայիսի 2-ին: Այս մասին հայտնել է այդ երկրի վարչապետ Բինալ Յըլդըրըմը:
«Կուսակցության խորհրդարանական խմբակցության՝ մայիսի 2-ին կայանալիք ժողովի ժամանակ որոշում կկայացնենք մեր նախագահին ընդունելու մասին»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Ավելի վաղ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտնել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումից հետո նախագահը կհամալրի իշխող կուսակցության շարքերը:
Որոշ ԶԼՄ-ներ պնդում են,որ Էրդողանը ոչ միայն վերադառնալու է հարազատ կուսակցություն, այլ նաև կրկին դառնալու է դրա նախագահը:
Հավելենք, որ Էրդողանը Արդարություն և զարգացում կուսակցությունից դուրս էր եկել 2014 թվականին, երբ ընտրվեց նախագահը, քանի որ այդ պաշտոնում իրավունք չուներ կուսակցական լինել: Սակայն հիմա՝ սահմանադրական փոփոխություններից հետո, նա դրա իրավունքը կունենա: