Հասարակություն 

Ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի հետ:

Ողջունելով հյուրին և կարևորելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ծավալված սերտ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ հաջողությամբ կյանքի են կոչվել և շարունակում են իրականացվել մի շարք ծրագրեր:
«Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում այսօր հաջողությամբ փոխգործակցում է միջազգային մի շարք կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ: Մենք բարձր ենք գնահատում նաև գրասենյակի դերը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ծրագրերի մեխանիզմների մշակման հարցում: Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու համագործակցության նոր, փոխշահավետ առաջարկներ, նաև ընդլայնելու փոխգործակցության շրջանակը: Բացի այդ, լիահույս ենք, որ ներկայում իրականացվող ծրագրերը ևս կլինեն շարունակական: Այս առումով ստորագրվելիք հուշագիրը կնպաստի համագործակցության խորացմանն ու կնախանշի մեր հետագա աշխատանքների ուղղվածությունը»,- հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն իր հերթին շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հանդիպման և տարբեր ուղղություններով համագործակցային ծրագրերի իրականացման պատրաստակամության համար՝ հույս է հայտնել, որ հետայսու երկու կառույցների փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի:
«Պարոն քաղաքապետ, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ՄԱԿ-ի գրասենյակի հետ ակտիվ համագործակցության պատրաստակամության համար: Այս տարիների ընթացքում մեր համատեղ ծրագրերի արդյուքնում մի շարք ուղղություններով կարողացել ենք միասին օպտիմալ լուծումներ գտնել: Մասնավորապես էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված փորձնական ծրագրերի արդյունքում այսօր շուրջ 60 տոկոս էներգախնայողություն է ապահովվում: Եվ մենք նույնպես համոզված ենք, որ հուշագրի ստորագրմամբ մեր համագործակցությունը նոր ընթացք կստանա ու կտա սպասված նոր արդյունքներ», - նշել է Բրեդլի Բուզետոն:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ստորագրել են Մտադրությունների մասին հուշագիր՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Նույն շարքից