Գլխավոր Հասարակություն 

Անալիտիկը դեռ 2015-ին էր ահազանգում Հայաստանում Ադրբեջանի ցուցաբերած տնտեսական հետաքրքրությունների մասին. Անի Հովհաննիսյան

analitik.am

Անալիտիկ կայքը դեռևս 2015 թվականից ահազանգում է, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցուցաբերում է տնտեսական հետաքրքրություններ:  Այդ ահազանգերի հետևանքը եղավ այն, որ ինձ՝ Անալիտիկի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանիս,  շինծու քրեական գործով կալանավորեցին և արդեն 1 տարի է ինչ գտնվում եմ բանտում: Ինձ լռեցնելը ձեռնտու էր ՎՏԲ բանկի սեփականատերերին, քանի որ Անալիտիկ կայքում բարձրաձայնվում էր ՎՏԲ բանկի կապիտալում ադրբեջանական պետական նավթային ֆոնդի մասնակցության մասին: ՎՏԲ բանկի սեփականատերերը ՌԴ մակարդակով ազդեցիկ մարդիկ են, ըստ երևույթին այնքան ազդեցիկ, որ կարողացել են նույնիսկ ՌԴ դիվանագետների միջոցով իրենց տնտեսական ուղերձները տեղ հասցնել:

Այսօր արդեն ադրբեջանական հավակնությունների առումով իրավիճակը թևակոխում է հրապարակային փուլ: Ադրբեջանական միջին և մանր տնտեսվարող սուբյեկտները՝ հիմնականում սննդամթերք արտադրողներ, բացահայտ փորձում են հաստատվել ՀՀ շուկայում: Ինչքանով է այս տենդենցը վնասում ՀՀ անվտանգությանը: Այս հարցի պատասխանը կթողնենք մասնագետներին, բայց որ իրավիճակը պետական լուրջ միջամտության կարիք ունի, սա արդեն կասկած չի հարուցում: Ի դեպ, խնդրի միայն փոքր մասն է կազմում ադրբեջանական տնտեսվարողների ՀՀ շուկայում հաստատվելու փորձերը: ՀՀ անվտանգության գերխնդիր է նաև այն, թե ովքեր են ադրբեջանական մանաթներից կուրացած պատրաստ ընդհուպ մինչև սուտ մատնությամբ քրեական գործեր սարքել այս հարցերը բարձրաձայնողի նկատմամբ:

Կխնդրեի այս տեքստի մեջ իմ կողմից արծարծված հարցերը դիտարկել բացառապես պետության անվտանգության համար խիստ մտահոգ քաղաքացու տեսանկյունից: Սա պայքար է, որի առաջին քայլը անելուց առաջ հստակ գիտակցում էի դրա բոլոր հնարավոր հետևանքներն ու վտանգները: Բոլոր վտանգները, բացի նրանից, որ ՀՀ-ում ադրբեջանական պետական նավթային ընկերությունը կգտնի թույլ օղակներ:

Շինծու քրեական գործով կալանավորված  Անալիտիկ կայքի խմբագիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից