Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտոնատար այլ անձանց, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների ու հարազատների, Թաթուլի զինակից ընկերների ու բազմաթիվ բնակիչների հետ միասին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոսի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Մինչ այդ ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին:
Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության շրջանակում ելույթ ունեցողներն առանձնակի կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ հատկանշելով, որ դա ոչ միայն հարգանքի տուրք է Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին, այլ նաև մատաղ սերնդի մեջ հայրենասիրության յուրովի սերմանում ու հերոսության դաստիարակում է:
Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու պատվանդանին, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոսի հիշատակին:
Հարկ է նշել, որ կիսանդրու հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է: