Քաղաքականություն 

Կատարվածը խարխլեց Գագիկ Ծառուկյանի ամենազոր լինելու հանգամանքը. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Այդ դիմումների առկայության մասին առաջին աղմուկը կապվեց Նապոլեոն Ազիզյանի անվան հետ, երբ համացանցում տարածվեց նրա դիմումը` ուղղված ԿԸՀ-ին, առ այն, որ ինքնաբացարկ է հայտնում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակից: Սրանից մեկ շաբաթ անց էլ ԿԸՀ-ն հրապարակեց այն թեկնածուների անունները, որոնք ինքնաբացարկի դիմումներ են գրել ու պարզվեց, որ դաշինքից 23 թեկնածու նման դիմում է գրել:

Ժամեր անց թեկնածուների մի խումբ հայտարարեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, եւ որ իրենք նման դիմումներ չեն գրել: ԿԸՀ-ի հայտարարության հենց հաջորդ օրը 23 անձից 12-ը շտապեցին ԿԸՀ եւ դիմում ներկայացրին այն մասին, որ հրաժարվում են նախորդ դիմումից, եւ պահանջում են իրենց մանդատը:

12 անձից ԿԸՀ-ն իրավական հիմնավորմամբ մանդատ հատկացրեց ընդամենը 8-ին: Նրանք էին Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը:

Նույն պահին, երբ ԿԸՀ-ն որոշում էր կայացնում, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Աբրահամ Մանուկյանի հետ այցելեց Նապոլեոն Ազիզյանին, որպեսզի համոզի վերանայել որոշումը, սակայն տեղում հասկացան, որ գլխավոր իրադարձությունը ԿԸՀ-ում է կատարվում, քանի որ Նապոլեոն Ազիզյանն, օրինակ, իր լիազոր ներկայացուցչին արդեն գործուղել էր ԿԸՀ:

Հանձնաժողովի որոշումից հետո Արարատ Զուրաբյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայտարարելու է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին, որպեսզի «չնույնականացվի երերուն արժանապատվության և ազնվության շքահանդեսի մասնակիցներին»:

Հաջորդը Նապոլեոն Ազիզյանն էր, որն իր պատրաստակամությունը հայտնեց մանդատը դնել Գագիկ Ծառուկյանի ոտքերի առաջ, եթե նա որոշի, որ պետք է Ազիզյանը հրաժարվի մանդատից: Նրան միացան Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը: Մանդատ ստացածների թվում են Արթուր Մանուկյանը, որը Աբրահամ Մանուկյանի տղան է, Հարություն Ղարագյոզյանը, որը նույն Աբրահամ Մանուկյանի թիմից է:

Հաշվի չառնել, որ կողմնակի միջամտություն է եղել այս իրադարձությանը միս ու արյուն տալու հարցում, տեղին չի լինի, քանի որ անկախ նրանից ինչ հանգուցալուծում կլինի, կատարվածը սասանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի բացարձակ ազդեցությունը դաշինքի բոլոր անդամների նկատմամբ:

Ըստ էության, կատարվածը խարխլեց Գագիկ Ծառուկյանի ամենազոր լինելու հանգամանքը, իսկ պոստ ֆակտում կատարվող իրադարձությունները նախկին վիճակը վերականգնելուն են միտված, ինչը շատ դժվար կլինի: Փաստ է, որ ինքնաբացարկի թոհուբուհում հայտնվածները էական վնաս հասցրին ԲՀԿ նախագահին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից