Հասարակություն Մշակույթ 

Հայաստանում կձևավորվի ներառական պարի խումբ

analitik.am

Հայկի սահուն ու ռիթմիկ պարը, նրա շարժումների գրեթե կատարելության հասցված հղկվածությունը երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Հայկի համար հանդիսատեսի ծափերին արժանանալու ճանապարհն առավել դժվարին է եղել: Լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկ պարել սկսել է մանկուց, մասնագիտացել հիփ-հոփ ոճում և արժանացել մի շարք մրցանակների: Հայկը դասավանդում է, մասնակցում տարբեր միջոցառումների և արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընդգրկվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրին: Փոքր Թատրոնի հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի նոր ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել ներառական ժամանակակից պարային խումբ: Մեկ ամիս շարունակ Հայկն իր երեք գործընկերների հետ Միացյալ Թագավորության Candoco պարային ներառական խմբում անցել է վերապատրաստման դաընթաց: «Այցս օգնեց բարելավել պարային կարողություններս ժամանակակից ոճում, ինչը բավականին բարդ պարաոճ է հիփ-հոփ պարողի համար, բայց, կարծում եմ, կարողացա հաղթահարել: Ինչպես նաև սովորեցի աշխատել հատուկ կարիքներ ունեցող պարողների հետ, ինչը նույնպես հեշտ չէր, բայց մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատելուց»,-ասում է Հայկը: Հայկի հետ Անգլիայում էր նաև Թենի Մաթյանը, ով ժամանակակից պար է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և որպես պարուսույց ընդգրկված է մի շարք հեռուստատեսային շոուներում: «Ես վստահ եմ, որ Բրիտանական խորհրդի այս նոր ծրագիրը իր դրական արդյունքը կունենա ոչ միայն արվեստի ասպարեզում: Իրականում, այս ծրագրի վերջնանպատակն է օգնել մարդկանց հասկանալու, որ անհնարին ոչինչ չկա, թե առկա է կամք, հույս և աշխատելու ցանկություն: Ներառական պարը օգնում է հասկանալու, որ մենք ենք որոշում, թե որոնք են մեր մարմնի հնարավորություններն ու սահմանները»,-ասում է Թենին: Դասական բալետի պարուհի Մարիաննա Պողոսյանն Անգլիա վերապատրաստման մեկնած խմբի կազմում էր: Մեկ ամիս շարունակ ամեն օր հայկական խմբի երեք անդամները աշխատում էին անգլիացի պարուսույցների հետ` ծանոթանալով ներառական պարի անգլիական հարուստ փորձին: «Կոնկրետ ինձ համար որպես պարուհի, այս այցի արդյունքում բացահայտեցի մարմնիս անսահման հնարավորությունների փաստը, շարժման նոր որակներ, մտավոր և էմոցիոնալ արտահայտչամիջոցների այլևայլ հորիզոններ: Ծանոթացա մարմնով մտածելու գաղափարին և ականատես եղա, թե որքան են նրանք կարևորում ցանկացած արվեստի ներկայացուցչի այս որակը»,-նշում է Մարիաննան: Դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Սեթա Ուայթը Միացյալ Թագավորությունում հայտնի է Հայաստանը ներկայացնող մի շարք ծրագրերով: Սեթան համոզված է, որ բրիտանական փորձի հիման վրա ձևավորվող հայկական ներառական պարային խումբը կարող է հաջողություններ գրանցել: «Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ես` որպես ռեժիսոր, ինչպես կարող եմ համագործակցել պարուսույցների և պարողների հետ»,-ասում է Սեթան: Ծրագրի մասնակիցներն արդեն Հայաստանում են: Առաջիկայում իրենց գիտելիքները պետք է փոխանցեն Հայաստանում ներառական պարային խմբի կազմավորման գործում ներգրավված այլ մասնակիցներին: Ծրագրին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը և բրիտանահայ համայնքը:


Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ 

Նույն շարքից