Հասարակություն 

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին

analitik.am

Մայիսի 7-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության անձնակազմն ու ավստրիահայ համայնքի ներկայացուցիչները մասնակցեցին Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 72-ամյակին նվիրված միջոցառումներին:

ՀՀ դեսպանությունն ԱՊՀ մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ծաղկեպսակներ զետեղեց խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշատախտակների մոտ, որոնք տեղադրվել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուկրաինայի կառավարությունների կողմից:

Այնուհետև, հայկական պատվիրակությունը մասնակցեց հանդիսավոր պաշտոնական արարողությանը, որին ներկա էին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը, վարչապետ Քրիսթիան Քերնը, Դաշնային խորհրդարանի երկու պալատների նախագահները, նախարարներ, պատգամավորներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային ու տեղական կազմակերպությունների պատվիրակություններ։ Արարողության ընթացքում դեսպանության անձնակազմը ՀՀ անունից ծաղկեպսակ զետեղեց համակենտրոնացման ճամբարում ազատազրկված ռազմագերիների համալիրի կենտրոնական հուշակոթողի առջև:

Ի թիվս այլ լեզուների՝ արարողության ընթացքում հնչեցրած մարդկության նկատմամբ հանցագործությունները դատապարտող Մաութհաուզենյան հռչակագրի մի մասն ընթերցվեց նաև հայերեն:

Մայիսի 8-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչությունն իր մասնակցությունը բերեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Հայ դիվանագետները մասնակցեցին Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող խորհրդային զորքերի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողի մոտ տեղի ունեցած պաշտոնական արարողություններին, որոնց ներկա էին Ավստրիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, Ավստրիայում հավատարմագրված նախկին ԽՍՀՄ և այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, վետերաններ, հայ և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Այնուհետև, Ավստրիայում ՌԴ դեսպանատանն ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի անունից տեղի ունեցավ ընդունելություն:

Նույն շարքից