Հասարակություն 

Շարունակվում է անվտանգության արշավը մայրաքաղաքում

analitik.am

Աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը ս/թ մայիսից Երևանում նախաձեռնել է անվտանգության արշավ, որն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ մեկ անգամ: Հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու աղետների ռիսկի նվազեցումը:

Արշավի շրջանակներում մայիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունը ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն անցկացրեց Երևանի պետական համալսարանում՝ «Հակառակորդի կողմից ռմբակոծության դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով։

Ուսումնավարժության նպատակներն էին.

• Ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս
• Կատարելագործել Երևանի պետական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնական վարժանքին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Էնրիկո Ապրիամովը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և այլք:

Տեղում անհրաժեշտ աշխատանքներ էին իրականացնում Հայկական կարմիր խաչի ընկերությունը և Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները՝ ՀՀ ոստիկանության, Շտապբուժօգնության, «Երևանգազ» և «Վիոլա ջուր» ընկերությունների վթարային խմբերը:

«911» ծառայություն ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին Երևանի պետական համալսարանի 5-րդ ուսումնական մասնաշենքի տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ: Հետախուզության արդյունքում պարզվեց, որ ռմբակոծության հետևանքով առաջացել է հրդեհ: Ծխապատ գոտուց մի քանի ուսանողներ փորձել են ինքնուրույն դուրս գալ, սակայն արգելափակվել են լսարանում և հաստատության տանիքում:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տրվող «Օդային տագնապ» ազդանշանից հետո իրականացվեց աշխատակիցների և ուսանողների պատսպարում, իսկ «Օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո իրականացվեց պատսպարվողների տարհանումը կիսանկուղային հարկից:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարներն արգելափակված ուսանողներին պարանների միջոցով իջեցրեցին անվտանգ տարածք և մոտեցրին շտապբուժօգնության աշխատակիցներին:

Ըստ սցենարի՝ հայտնաբերվել է նաև չպայթած ավիացիոն ռումբ, առկա է փլուզում, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենա՝ տուժած ուղևորով:

Տեղում ծավալված փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբը որոշում է կայացնում փրկարարական աշխատանքներում ներգրավել ինժեներասակրավորական խումբը, որն արագ և համակարգված սկսում է ռումբի վնասազերծման ու անվտանգ վայր տեղափոխման աշխատանքները:

Վարժանքի երկրորդ հատվածում փրկարարական մեխանիկական և հիդրավլիկ գործիքների օգնությամբ մեքենայից դուրս բերվեցին նաև տուժածները, որոնց տեղում հերթապահող պարամեդիկների խումբը ցուցաբերեց առաջին բուժօգնություն և մոտեցրեց շտապօգնության աշխատակիցներին:

Ուսումնական վարժանքի ավարտի մասին զեկույցից հետո ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ողջունեց մասնակիցներին և վարժանքը գնահատեց բավարար՝ շեշտելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները, կատարելագործել հաստատության անձնակազմի՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունները:

Նշենք, որ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և փրկարար ուժերի համատեղ պատրաստման ձև է:

Նույն շարքից