Հասարակություն 

Կիրականացվի հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիր

analitik.am

Մայիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Օրակարգային այլ հարցերի թվում` ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել իրականացնել հակակարկտային պաշտպանության նոր, հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիր: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվելու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում:

Կառավարության նիստում պիլոտային ծրագիրը ներկայացնելիս ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է նաև ակնկալվող արդյունքների մասին.

- Պիլոտային ծրագրի իրականացումը կնպաստի հակակարկտային առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը, գյուղատնտեսությանը կարկտահարությունից հասցվող վնասների նվազեցմանը, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծմանը և գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Հարկ է նշել, որ հրթիռային հակակարկտային պաշտպանության առաջարկվող տեխնոլոգիաները հիմնովին տարբերվում են խորհրդային տարիների հրթիռային պաշտպանության ձևերից և, ըստ մասնագետների, չեն կրում նախկինում եղած ռիսկերը:

Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ ՀՀ դրամի վնաս: Վարչապետի հանձնարարությամբ` ոլորտում ուսումնասիրություններ են անցկացվել: Կարկտահարությունից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել ներդնել հակակարկտային պաշտպանության նոր եղանակներ: Որոշման ընդունումը հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը:

Նույն շարքից