Հասարակություն 

«Հետաքրքիր ընթերցող» նախագիծը ամփոփել է արդյունքները

analitik.am

Կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Հետաքրքիր ընթերցող»  մրցութային նախագծի  ամփոփումը: «Հետաքրքիր ընթերցող» խորագրով կրթամշակութային  նոր նախագծին  մասնակցում  են 9-12-րդ դասարանի  աշակերտները, որի շրջանակում մի քանի փուլերով քննարկման է դրվում որևէ գրական ստեղծագործություն: Նախագծին մասնակցող աշակերտներն ընթերցում, քննարկում, քննադատում և վերլուծում են ընտրված գրական ստեղծագործությունը: Կազմակերպվում են  խմբային ընթերցումներ, բանավեճեր, ընթերցած հատվածի քննարկումներ, հանդիպումներ  հեղինակների, նրա ընկերների և հարազատների հետ, կատարվում են էքսկուրսիաներ կրթամշակութային օջախներ, անիմացիոն տեսահոլովակների դիտումներ և այլն:

Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցանության և քննարկման է ներկայացվել Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործությունը: Նախագծին մասնակցելու նախնական հայտ են ներկայացրել մայրաքաղաքի տարբեր դպրոցների 250 աշակերտներ, որոնցից 25-ը անցել են կիսաեզրափակիչ, իսկ 12-ը՝ եզրափակիչ փուլ:

Նախագծի աշխատանքները գնահատել է ԿԱԻ-ի տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովը, որը սահմանել է տարբեր անվանակարգեր և մրցանակներ: ԿԱԻ-ի դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հաղթողների պարգևատրումը՝ 1-4-րդ տեղերը գրաված աշակերտները ստացել են սահմանված մրցանակները, իսկ եզրափակիչ փուլ անցած մյուս մասնակիցները՝ խրախուսական մրցանակներ:Ողջունելով նախագծի մասնակիցներին՝ ԿԱԻ-ի տնօրենի տեղակալ Վարդան Ղանդիլյանը նշել է, որ նախաձեռնությունը սկիզբ է առել 5 ամիս առաջ. «Մեր գլխավոր նպատակն էր մեծացնել հետաքրքրությունը դեպի ընթերցանությունը և գիրքը: Բոլորին հայտնի է, որ վերջին տարիներին գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Սակայն այսօր մենք կարող ենք փաստել, որ «Հետաքրքիր ընթերցող»  նախագիծը կայացած է, որին նպաստեցին առաջին հերթին մասնակից աշակերտները և իհարկե ընտրված թեման և գիրքը: Գրող, ազատամարտիկ, հրապարակախոս Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը», որն արդի գրականության լավագույն նմուշներից է, թեմատիկ առումով բավականին բարդ ստեղծագործություն է, սակայն մեր աշակերտները այն կարողացան հաղթահարել՝ շնորհիվ իրենց համառ և հետևողական ջանքերի: Գրքի գրականագիտական արժեքը բարձր է, և գիրքը ներկայացնում է Խեչոյան մտածողին, անհատականությանը, փիլիսոփային»,- նշել է Վ. Ղանդիլյանը՝ ավելացնելով, որ նախագծի կայացմանը նպաստել են նաև դպրոցները: Շնորհավորանքի խոսք է        ասել նաև բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը: Նախագծի ղեկավարի ԿԱԻ-ի հայոց լեզվի և գրականության մասնագետ Գայանե Դավթյանը, ով անցած 5 ամիսների ընթացքում ամենշաբաթյա պարբերականությամբ հանդիպումներ է ունեցել նախագծի մասնակիցների հետ: Միջոցառման ընթացքում եզրափակիչ փուլ անցած աշակերտները ներկայացրել են տպավորություններ, իրենց կողմից պատրաստված Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործության քննարկումներին նվիրված   գիրք և դիտարկումների վերաբերյալ շնորհանդես:

«Հետաքրքիր ընթերցող»  նախագծի շրջանակում նախատեսվում է ԿԱԻ-ում ստեղծել ընթերցողների ակումբ, որի անդամները կդառնան գիրք կարդալու մշակույթի կրողներն ու փոխանցողները:

Նույն շարքից