Հասարակություն 

ՀՀ ԱԻՆ-ում արդիականացվում են կապի, ազդարարման համակարգն ու տեխնիկական կանոնակարգերը

analitik.am

Մայիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարար Դավիթ Տոնոյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ամբողջ հանրապետությունում արտակարգ իրավիճակների կառավարման նպատակով կապի, ազդարարման համակարգերի արդիականացման և վերազինման, ինչպես նաև՝ աղետների ժամանակ կառավարման համակարգի շարունակականության ապահովման խնդիրները: Քննարկվեցին նաև տեխնիկական անվտանգության և հրդեհային-տեխնիկական անվտանգության կանոնակարգերի վերամշակման և միջազգային նորմերին համապատասխանեցման հիմնահարցերը:

ԱԻ նախարարի հանձնարարությամբ իրականացվող վերակազմավորման արդյունքում ստեղծվելու է Կապի կազմակերպման և ավտոմատ կառավարման համակարգի վարչություն: Վերջինս իրականացնելու է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ազդարարման համակարգի արդիականացում և հագեցում, ինչպես նաև՝ հանրապետությունում թվային ռադիոկապի ներդրում՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա: Ավտոմատացված կառավարման համակարգը ներդրվելու է նաև համայնքներում՝ նպաստելով վերջիններիս՝ աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացմանն ու կառավարման համակարգի շարունակականության ապահովմանը:

Նախարարի մեկ այլ հանձնարարությամբ՝ վերամշակվելու, արդիականացվելու և միջազգային նորագույն չափանիշներին են համապատասխանեցվելու Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի և Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից գործածվող տեխնիկական կանոնակարգերն ու պետական ստանդարտները: Միջազգային փորձի ուսումնասիրությամբ վերանայվելու և համալրվելու են տեխնիկական կանոնակարգերում ներառված «ISO» և ԵԱՏՄ միջազգային ստանդարտները, ինչը կապահովի հատուկ օբյեկտների, շենքերի, շինությունների, կառույցների, տեխնիկական միջոցների աղետակայունությունը: Նոր մշակված տեխնիկական կանոնակարգերը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:

Նույն շարքից