Հասարակություն 

Հայաստանի դպրոցական աղջիկները բջջային հավելվածներ են պատրաստել

analitik.am

Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը՝ մայիսի 17-ին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացվել են հայաստանցի դպրոցական աղջիկների ստեղծած բջջային հավելվածները, տեղի ունեցել հաղթող թիմերի պարգևատրման արարողություն։
Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ: Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիները հնարավորություն են ունեցել մասնակցելու տեխնոլոգիական ձեռներեցության աշխարհի խոշորագույն Technovation ծրագրին: Ծրագրի 12 շաբաթների ընթացքում աղջիկների մինչև հինգ հոգանոց թիմերն ուսումնասիրել են Մակի առաջարկած վեց թեմաներից (բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն) որևէ մեկը, դիտարկել  թեման իրենց համայնքի համատեքստում և մենթոր-ուսուցիչների առաջնորդությամբ ձեռք բերելով համապատասխան հմտություններ, ստեղծել այդ խնդրի լուծմանն ուղղված բջջային հավելված։ Մրցույթ-դասընթացին մասնակցել է 36 թիմ, կիսաեզրափակիչ է անցել 22-ը:
Կիսաեզրափակիչ փուլ անցած թիմերից հաղթող են ճանաչվել 6 թիմ. Կարբիի միջնակարգ, Աշտարակի թիվ 2, Երևանի թիվ 2, Երևանի թիվ 92, Երևանի թիվ 125 դպրոցների և Անանիա Շիրակացի ճեմարանի թիմերը:
Ծրագրին աջակցել են և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, «Յունիքոմփ» ընկերությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Նույն շարքից