«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ երկու հեղինակությունների նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել, ինչը կանխվել է: Թիրախում եղել են Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, և Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Երեկ հայտնի դարձավ, որ մահափորձի գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց գործողություններից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Բայց մինչ այդ ներկայացնենք պաշտոնական տեղեկությունը, որը երեկ հայտնեց ՀՀ ոստիկանությունը: Ըստ այդմ, նրանք տեղեկացել են, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում:
Վերջիններս ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք ու ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին: Եվ ահա, մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանել են սպասվող ծանր հանցագործությունը` անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց:
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սույն գործը կքնվի ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի` հանցափորձ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` սպանություն, որը կազմակերպվել է մի խումբ անձանց կողմից, և 235-րդ հոդվածի 2-րդ մասի` ապօրինի զենք, հատկանիշներով: Նկատեցի՞ք, ոչ մի խոսք չկա այն մասին, թե ովքեր են 3 անձինք, ի՞նչ ծագում ունեն, ինչո՞վ են զբաղվում:
Մահափորձի խորը արմատները
Երեկ հրապարակել էինք, որ տեղի ունեցած մահափորձն իրականում խորն արմատներ ունի, այն գալիս է դեռ 2007 թվականից: Ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, և փորձել են ատրճանակով պաշտպանվել:
Եվս մեկ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: «Արգիշտի» ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են «քիլլերների» ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը: Եվ ահա երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ մայիսի 24-ին, որը ըստ էության արդեն հիմնավորում է այն կասկածները, որ թիրախում հիմնականում եղել է Արամ Վարդանյանը: Թեև լուրեր կան, որ Դոն Պիպոն էլ է եղել ուշադրության կենտրոնում: ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա:
Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի վերահսկողության տակ: Այժմ լուրեր են պտտվում նաև այն մասին, որ Արտյոմ Կանևսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը: Թե որքանով են այս լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում