Հասարակություն 

Ակտիվանում է սահմանամերձ համայնքներում ՔՊ ուղղությամբ համագործակցությունը

Մայիսի 26-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի տեղակալ տիկին Գաբրիել Շմիդտին: Հանդիպմանը ներկա էին նաև ԿԽՄԿ պաշտպանության համակարգող Զուրաբ Բուրդուլին և Հայաստանում Կարմիր խաչ ընկերության միջազգային դեպարտամենտի ղեկավար Մարիանա Հարությունյանը:

Նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցության ծրագրերի առաջարկները՝ մասնավորապես Տավուշի մարզում ՓԾ քաղաքացիական պաշտպանության կարողությունների զարգացման վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը նշեց, որ ներկայացվող ծրագրերը գործնական լուրջ քայլերի փուլում են: Ստեղծված աշխատանքային խումբը, որը գլխավորում է ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը, մանրակրկիտ կքննարկի 2017-2018թթ. համագործակցության ծրագիրը և հանդես կգա լրացուցիչ առաջարկներով:

Նախատեսվում է սահմանամերձ 10 համայնքներում կազմակերպել առաջին օգնության (ԱՕ) դասընթաց՝ ՔՊ հենակետերում ծառայություն իրականացնող 240 փրկարարի և տեղի դպրոցների ուսուցիչների համար, ինչպես նաև՝ ականների վտանգի իրազեկման և անվտանգ վարքագծի թեմաներով դասընթաց կազմակերպել երեխաների համար:

Ծրագրով կլինեն ոչ միայն տեսական այլև՝ գործնական ուսումնավարժություններ, որոնց կներգրավվեն ԱՕ դասընթացների մասնակիցները, փրկարարական ջոկատներ և համայնքների բնակիչներ:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Գ. Շմիդտը նշեց, որ այս մարդասիրական գործը Կարմիր խաչի առաջնային գործառույթն է, սակայն այն առավել ընդգրկուն և նպատակաուղղված դարձնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ԱԻ նախարարության հետ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հստակեցնել և սկսել աշխատանքներն առաջնային լուծում պահանջող հարցերի ուղղությամբ:

Նույն շարքից