Հասարակություն 

Թալանել են Ուդոյի առանձնատունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ մայիսի 29-ի գիշերը թալանել են Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի առանձնատունը, գողացել են մոտ 15 թանկարժեք կոնյակ։ Իսկ դրանից առաջ թալանել էին Սեւանի նախկին ոստիկանապետ Վանիկ Ստեփանյանի տունը, ով այդ ժամանակ գտնվել էր արտերկրում։

Ոստիկանությունից հաստատեցին նախկին քաղաքապետի տունը թալանելու լուրը՝ նշելով, որ մայիսի 29-ին հաղորդում են ստացել, որ մայիսի 18-29-ը մեխանիկական ներգործության միջոցով պատուհանի ճաղավանդակը տեղահանելով եւ բացելով, մուտք են գործել Սեւանի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող առանձնատուն, գողացել խմիչքներ, ոսկյա զարդեր։ Կապվեցինք նաեւ Ռուդիկ Ղուկասյանի հետ։

«Խուլիգանություն են արել, էլի, Երեւան եմ եղել, օգտվել են առիթից, մեծ բան չէ, սուվենիրնի կոնյակներ են տարել, մամայիս տված ոսկեղենը, դե, ես ոսկեղեն չեմ կրում»,-ասաց Սեւանի նախկին քաղաքապետը։

Դիտարկմանը, թե փաստորեն ուրացել են, որ այդքան տարի քաղաքապետ եք եղել, Ռուդիկ Ղուկասյանի ինքնասիրությունը շոյվեց․ «Կյանքը տենց է, եթե ուզում ես ցորեն ստանաս, ավելի շատ պայքարում ես մոլախոտի դեմ, չարը շատ է, լուրջ մարդիկ դժվար լինեն»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից