Քաղաքականություն 

Կարևոր պաշտոն՝ կաշառակերության մեջ մեղադրվողին. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետի պաշտոնն արդեն մեկ ամիս է զբաղեցնում է Արմեն Լաբլաջյանը: Բնապահպանության նախարարությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ Լաբլաջյանը մասնակցել է քաղծառայության մրցույթին եւ հաղթող է ճանաչվել. նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մայիսի 4-ի հրամանով նա նշանակվել է այդ պաշտոնում:

Արմեն Լաբլաջյանը բնապահպանության նախկին նախարար (ներկայումս ԱԺ պատգամավոր) Արամ Հարությունյանի վարորդի՝ Սամվել Լաբլաջյանի եղբայրն է: Նա բնապահպանության նախարարության տեսչության անտառների վերահսկողության պետն էր:

2014 թվականի օգոստոսի 26-ի իր աշխատասենյակում ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը: Ձերբակալությունից 72 ժամ անց նա կալանավորվեց կաշառք ստանալու մեղադրանքով: Դատական տեղեկատվական համակարգից armtimes.com-ը տեղեկանում է, որ Արմեն Լաբլաջյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, իր լիազորությունների շրջանակներում ծառայության գծով, հովանավորչության եւ թողտվության համար «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Հենրիկ Վաչագանի Մարտիրոսյանից 2014 թվականի մայիս ամսին պահանջել եւ Զարզանդ Կարապետյանի փոխանցմամբ ստացել է ընդհանուր խոշոր չափերի հասնող՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Ոստիկանության լրատվականի տարածած տեսանյութի համաձայն էլ Արմեն Լաբլաջյանը թույլատրել է մի շարք քաղաքացիների առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզի Գետամեջ, Կապուտան, Ջրաբեր եւ Ֆանտան համայնքներից տեղափոխել մեծ ծավալի սեւ հող եւ չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նրանցից պարբերաբար ստացել է ընդհանուր 975 հազար դրամ:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընթացած դատական պրոցեսի ժամանակ նա արդարացվեց հանցադեպ չլինելու հիմքով: Հարկ է հիշեցնել, որ Արամ Հարությունյանը 2014-ից 2015 թվականը զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը: Դատավարության ընթացքում երեք անգամ փոխվել է Արմեն Լաբլաջյանի մեղադրանքը, իսկ վերջում նա արդարացվել է: Մեղադրող դատախազը դիմել էր վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան, սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անփոփոխ է մնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից