Այսօր՝ հունիսի 9-ին, խորհրդարանը ձայների 92 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը։
Ավելի վաղ հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Արփենե Հովհաննիսյանը ներկայացրել էր կոռուպցիայի դեմ պայքարում առաջարկվող մեխանիզմները, որոնցից մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն է, որը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլից: Հիմնական զեկուցողը ներկայացրել էր հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, նրա անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, հայտարարագրերի վերլուծության գործընթացի և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվել են հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները, նրա կողմից իրականացվող վերլուծությունն ու վարույթները և այլն:
Իսկ հունիսի 8-ին արդեն Հովհաննիսյանը տեցեկացրեց, որ ընդունվել է խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության առաջարկը, որի համաձայն, ընդդիմությունը հնարավորություն կունենա թեկնածու առաջադրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար:
ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ կողմ են քվեարկելու փաթեթին: