Հասարակություն 

Տեղի է ունեցել «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հունիսի 13-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպում-քննարկումը:

Նորաստեղծ խմբում ընդգրկվել են քաղաքականության եւ անվտանգության հարցերով փորձագետներ, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱԺ նախկին պատգամավորներ:

Տեղեկացնենք, որ «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խումբը կգործի մինչեւ հաջորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունը: Խորհուրդն ունենալու է հիմնական անդամներ, կլինեն նաեւ հրավիրյալներ:

Անդրադառնալով խմբի անվանմանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ անվան հետ կապված կարող են լինել առաջարկներ, որոնք կքննարկվեն:

Արմեն Աշոտյանի խոսքով` աշխատանքային խումբը կարող է Ազգային ժողովին աջակցել տարբեր թեմատիկ քննարկումներով եւ օպերատիվ առաջարկներով: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության անհրաժեշտությանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ թեեւ խմբի անդամները տարբեր աշխարհաքաղաքական հայացքների կրողներ են, այնուամենայնիվ խմբի հիմնական նպատակն է լինելու փորձագիտական հանրույթից ստանալ տեղեկություններ եւ առաջարկներ, որոնք կարող են կիրառվել խորհրդարանական պատվիրակությունների կողմից:

Խորհրդի անդամները ողջունել են խմբի ստեղծումը եւ ներկայացրել առաջարկներ եւ դիտողություններ:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի օգտակար եւ արդյունավետ:

Նույն շարքից