Գլխավոր Հասարակություն 

Lրատվամիջոցների շրջանում կա տհաճ և անհասկանալի լռություն Անի Հովհաննիսյանի գործի մասով

analitik.am

Ինձ համար զարմանալի է լրատվամիջոցների լռությունը, որը կա Անի Հովհաննիսյանի գործի մասով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ նշելով, որ սա լրատվամիջոցի լռեցնելու փորձ է, և եթե այս փորձը հաջող լինի, այն կիրառվելու է նաև մյուս լրատվամիջոցների նկատմամբ. «Սա լրագրողներին ցույց տրված դեղին քարտ է: Ես չգիտեմ մեկ այլ օրինակ, որ որևէ բանկի մասին խոսող լրագրողին կալանավորեն: Սա սրիկայություն է: Սա կոնկրետ Անի Հովհաննիսյանի դեմ չէ ուղղված, սա ուղղված է մամուլի ազատութան դեմ: Ով ասաց, որ միայն Ռուսաստանի առաջ վարդեր շաղ տվողներն իրավունք ունեն հրապարակումներ անել: Սա ցինիկություն է: Այս ամենի պատճառն անպատժելիությունն է: Ամեն դեպքում բրավո Անի Հավհաննիսյանին, որ կարողացավ վախ ներշնչել Ռուսաստանի դեսպանին, ՎՏԲ բանկին, Տիգրան Ուրիխանյանին»:

Տիկին Պողոսյանի խոսքերով, հիմա լրատվամիջոցների շրջանում կա տհաճ և անհասկանալի լռություն այս գործի մասով:

Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր հերթին ասաց, որ դատավորը վճիռ կայացնելիս լինելու է գործի նյութերի հետ, ոչ թե՝ ԶԼՄ-ների հրապարակումների, բայց խնդիրն այն է, որ կա անտարբերություն լրատվամիջոցների կողմից. «Այս գործն առաջին հերթին վերաբերում է լրատվամիջոցի և կարծում եմ, որ այն առաջին հերթին պետք է հետաքրքրեր հենց ԶԼՄ-ներին, որովհետև ցանկացած լրատվամիջոց, որը որոշակի հրապարակումներ է անում, կարող է թիրախ դառնալ: Ամեն դեպքում դատական բոլոր նիստերը նկարահանվում են և հրապարակվում Analitik.am կայքում, և բոլոր ցանկացողները կարող են համոզվել Անի Հովհաննիսյանի անմեղության մեջ»:

Ասուլիսի բանախոսներից մյուսը՝ «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցի համար էլ անհասկանալի են իրավապաշտպան կազմակերպությունների լռությունը. «Երբ ես դիմում էի տարբեր կազմակերպությունների, ասում, որ այս գործում իսկապես խնդիր կա և առաջարկում էի համոզվել դրանում, շատ կազմակերպություններ մերժում էին՝ ասելով, որ չեն վստահում Անի Հովհաննիսյանին: Բայց ոչ ոք չի ասում, որ պետք է սիրել Անի Հովհաննիսյանին, ուղղակի պետք է հետաքրքրվել և համոզվել, որ այստեղ իսկապես խնդիր կա, իսկ հաջորդ թիրախը կարող է լինել ցանկացածը»:

 

 

Նույն շարքից