Հավաստագրեր հանձնվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության արագ արձագանքման խմբի մասնակիցներին
Հունիսի 23-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Ամուլսարի հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության արագ արձագանքման խմբի անդամների՝ հավաստագրերի հանձնման արարողությունը։
ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ՝ 20-օրյա դասընթաց է կազմակերպվել «Լիդիան Արմենիա» ընկերության 11 աշխատակցի համար՝ ձևավորելով արագ արձագանքման հատուկ խումբ, որը հանքի տարածքում պրոֆեսիոնալ մակարդակով կկանխարգելի և կկառավարի արտակարգ իրավիճակները։ Դասընթացին մասնակից աշխատակիցների թվում էին նաև Ամուլսարի շրջակա համյանքների բնակիչները, ովքեր իրենց բնակավայրերում նույնպես կարող են մեծապես օգտակար լինել։
Մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը և շնորհավորեց դասընթացին ակտիվ մասնակցելու համար.
-ՀՀ ԱԻ նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում այսօր ունենք արտակարգ իրավիճակներում պատրաստված մասնագետներ: Վստահ ենք, որ այդ ընթացքում ձեռք բերված գիտելիքները կկիրառվեն ըստ անհրաժեշտության,- եզրափակեց փոխնախարարը:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի համար նախատեսված շնորհակալագիրը փոխանցեց կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանին՝ ընկերության գործունեության ապահով և անվտանգ պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար, ինչը կարևոր է նաև ընդհանուր համայնքում անվտանգ աշխատանքի և ապրելակերպի գիտակցության բարձրացման տեսակետից։
Դասընթացը ներառել է հրշեջ-փրկարարական հմտություններ, հրատապ բուժօգնության, ճանապարհատրանսպորտային վթարների արագ արձագանքման և այլ կարողություններ։ Կազմակերպվել են նաև թեմատիկ ուսումնական վարժանքներ և գործնական աշխատանքներ։
ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանը շեշտեց, որ համագործակցությունը «Լիդիան Արմենիայի» հետ արդեն շարունակական բնույթ է ձեռք բերում, ինչը խիստ ողջունելի և օրինակելի է այլ մասնավոր ընկերությունների համար։ Վերապատրաստված խումբը կարող է նաև անհրաժեշտության դեպքում աշխատել ՀՀ ԱԻՆ համայնքային ստորաբաժանումների հետ՝ որպես արտակարգ իրավիճակների կառավարման օժանդակ կարողություն։
Արտակարգ իրավիճակների կառավարման հմտությունների ձեռքբերման նպատակով ավելի վաղ վերապատրաստվել է նաև հանքի տարածքում բժշկական շուրջօրյա հերթապահություն իրականացնող 11 մասնագետներից բաղկացած բժիշկների խումբը։