Վերլուծական Քաղաքականություն 

Ո՞վ կլինի հաջորդ վարչապետը

analitik.am

Վերջապես վարչապետը հրաժարական տվեց՝ երկար սպասված հրաժարական: Մի կողմից սա այսպես ասած փրկեց իշխող վարչակարգին, քանզի Սերժ Սարգսյանի իշխանությունը բավականին կթուլանար Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում թողնելիս, չէ՞ որ կառավարության գործունեության հակասահմանադրականությունն արդեն կատակ չէ: Մյուս կողմից նախագահը ԲՀԿ-ին ազատեց ընդդիմություն դառնալուց, քանզի ԲՀԿ-ն այս անգամ արդեն հնարավորություն չէր ունենա հետ դառնալ, իսկ պայքար սկսվելու դեպքում էլ բավականին դժվարին գործընթաց կսկսվեր՝ հնարավոր է  իրավիճակն դուրս գար վերահսկողությունից և նոր մայդան ստեղծվեր՝ արդեն Հայաստանում:


Այժմ  պետք է հասկանալ, թե ո՞վ կարող է լինել հաջորդ վարչապետը: Թեկնածուների ցուցակը գլխավորում են Արմեն Գևորգյանը և Սեյրան Օհանյանը՝ ինչո՞ւ: Արմեն Գևորգյանն ընդունելի է ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի համար, ուստի նրան վարչապետ նշանակելու դեպքում պարզ կդառնա, որ հակամարտության առկայությունը գործող և նախկին նախագահի միջև կարելի է բացառել: Սեյրան Օհանյանի պարագան այլ է, նախ նա երկար տարիներ կառավարման համակարգում  լինելով չի արատավորվել, վայելում է հասարակության, ինչպես նաև իշխանության հարգանքը, և բացի այդ նախագահի մերձագույն շրջանակից է: Հնարավոր է նաև Վիգեն Սարգսյանի նշանակումը, չնայած որ նրա համար շատ ավելի հարմար, ինչպես նաև ի օգուտ Հայաստանի պաշտոն կլիներ ԱԳ նախարարի պաշտոնը՝ առավել ևս, որ Էդվարդ Նալբանդյանն ամբողջովին ձախողվել է այդ պաշտոնում: Շահարկվում է նաև Ռալֆ Յիրիկյանի անունը, սակայն դա այդքան էլ հնարավոր տարբերակ չէ՝ ամեն դեպքում այս պահին:


Կառավարության կազմը միանշանակ պետք է թարմացվի, եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է պահել իշխանությունը և հեռանալով թողնել իր արմատները, այլ ոչ թե մոռացվել: Տեղափոխությունների դեպքում ոչ մի նշանակալի փոփոխություն չի լինի երկրում, քանզի գումարելիները տեղը փոխելիս գումարը չի փոխվում՝ ձախողվել է ամբողջությամբ կառավարությունը, այլ ոչ թե միայն վարչապետը:


ՀՀԿ ղեկավարության միջին օղակներում՝ փոխնախարարներ, խորհրդականներ և այլն, կան մարդիկ, ովքեր արդեն ամբողջովին պատրաստ են որևէ ոլորտի ղեկավար դառնալուն, ինչպես նաև արատավորված չեն և բացի այդ նախարար նշանակվելով հնարավորինս ամեն ինչ կանեն, որպեսզի գերազանց արդյունքի հասնեն, քանզի հետագայում պաշտոնը պահելու և առաջ գնալու խնդիր են ունենալու: Գործող կառավարության անդամներին դա չի հետաքրքրում՝ նրանք արդեն այնքան արատավորված են, որ անգամ գերազանց աշխատանքը չի կարող փրկել, ուստիև պաշտոններում մնալու դեպքում ոչ միայն իրենք կձախողվեն, այլ Սերժ Սարգսյանին էլ վերջնականապես կարատավորեն:


Նախարարներից ամենայն հավանականությամբ կառավարության կազմում կմնան Արմեն Աշոտյանը, Արմեն Գևորգյանը, Գագիկ Բեգլարյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը՝ այն մարդիկ, ովքեր ունեն թիմ, իրենց կառավարման ընթացքում ձախողումներ այդքան էլ չեն գրանցել, քիչ, թե շատ վայելում են հասարակության վստահությունը, և ընտրությունների ժամանակ բավականին աշխատանք են տարել: Կառավարության մնացած անդամներին պահելու դեպքում Սերժ Սարգսյանը միանշանակ չի կարողանալու հետագայում քաղաքական ժառանգություն թողնել, քանզի այդ մարդիկ արդեն երկու անգամ արատավորել են նրա վարչակարգը, իսկ երրորդը հասարակությունը չի մարսի:


ՀՀԿ-ի՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի համար հույժ կարևոր է թիմի թարմացումը՝ նոր մարդկանց կառավարության կազմում ներգրավելը, առավել ևս, որ ՀՀԿ-ում կան գործիչներ, ովքեր արդեն երկար ժամանակ է երկրորդական դերում լինելով ավելի շատ հաջողություն ունեն և ավելի շատ հարգանք են վայելում հասարակության շրջանում, քան ներկայիս կառավարության անդամները:


Չի բացառվում նաև ԲՀԿ-ի կոալիցիա մտնելը՝ սա կնշանակի իշխանության հանձնման նախապատրաստում՝ այսինքն այդ դեպքում արդեն կարելի է վստահ լինել, որ ԲՀԿ-ն  է հաջորդ ԱԺ ընտրություններին մեծամասնություն լինելու:


Սրանք ընդամենը կանխատեսումներ են, որոնք կարող են ամբողջովին հերքվել՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի շախմատային գործելաոճը, ինչի արդյունքում մի օրում կարող է ամեն ինչ այնպես փոխվել, որ անգամ նրա մերձավորները ժամանակ չունենան որևէ քայլ անելու:


Սերոբ Իշխանյան

 

Նույն շարքից