Հայաստան Հասարակություն Վերլուծական Քաղաքականություն 

Ինտրիգներ ստեղծելու փոխարեն գործեք

analitik.am

Արդեն երկար ժամանակ է Հայաստանում առողջ քաղաքական մթնոլորտ չի ձևավորվում, ինչի պատճառները գուցե շատ են, սակայն կարևորագույն գործոնը գիլդային՝ փակ, քաղաքական էլիտան է: Քաղաքական ուժերը պետք է թարմացվեն՝ ինչպես նոր գաղափարներով, այնպես էլ նոր կադրերով, բայց դրա փոխարեն մենք արդեն քսան տարուց ավել է տեսնում ենք նույն մարդկանց, լսում ենք նույն գաղափարները և մոտեցումները:

 

Փաստ է, որ Հայաստանն ունի ռեսուրսների խնդիր, ինչը վերաբերում է ոչ միայն բնական ռեսուրսներին, այլ նաև նյութականին, ուստիև մարդիկ, ովքեր հաջողացրել են որևէ դիրք զբաղեցնել ոչ մի կերպ չեն համաձայնում այլոց էլ կայանալու, ինքնադրսևորվելու և առաջ խաղացում ունենալու հնարավորություն տալ: Այս մոտեցումն առկա է ինչպես բիզնեսում, այնպես էլ քաղաքական համակարգում: Խոշոր բիզնեսը հնարավոր բոլոր ձևերով դուրս է մղում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչի դեմ պայքարելն ուղղակի ապարդյուն է, քանզի տնտեսական էլիտան՝ այդ նույն խոշոր բիզնեսը, հենց քաղաքական իշխանության կրողն է:

 

Արդյունքում ստացվում է վիճակ, երբ երկիրն ուղղակի լճանում է: Երեկոյան ժամերին Երևան քաղաքի տարբեր թաղամասերում շրջելով և շենքերի պատուհաններին նայելով պարզ երևում է, որ անգամ մայրաքաղաքում օրեցօր պակասում է բնակիչների թվաքանակը՝բազմաբնակարան շենքերի պատուհաններից  կեսից ավելին մթության մեջ են, և դա ոչ այն պատճառով է, որ այդ մարդիկ տանը չեն, այլ այդ մարդիկ արդեն արտագաղթել են:

Հասկանալու համար, թե իրականում ինչքան մարդ է մնացել մայրաքաղաքում, բավական է նայել ավտոմեքենաներին, որոնց ճնշող մեծամասնությունը տաքսիներ են, մնացածի մեծամասնությունն էլ  տնտեսապես կայացած 10-15%-ի և նրանց բարեկամների մեքենաներն են, իսկ դրանք հանելու դեպքում ակնհայտ կդառնա, որ միջին խավը գրեթե բացակայում է: Մեկ շաբաթ շրջեք Երևանում, և կհասկանաք, որ ամեն օր նույն մարդկանց եք տեսնում, որ ճանաչում եք գրեթե բոլորին, անգամ եթե չեք էլ ճանաչում, ապա ձեր ընկերներն են նրան ճանաչում:

Երկրի շրջանների մասին խոսելն անգամ ավելորդ է, քանզի յուրաքանչյուրը, ով վերջին շրջանւմ այցելել է որևէ շրջան կփաստի, որ վիճակն այնտեղ ուղղակի անմխիթար է:

Մենք կարող ենք չնկատել, կարող ենք չբարձրաձայնել այս ամենի մասին, կարող ենք  շարունակել ապրել կամ ավելի շուտ գայոտևել այս ոչնչացնող  պայմաններում, սակայն երկիրըն այլևս չի դիմանում: Հայ ազգը դարերի պատմություն ունի, և պետք է ոչ մի պարագայում թույլ չտա, որ արյան գնով ձեռք բերած մեր պետականությունը որևէ կերպ վտանգվի, իսկ այն արդեն իսկ վտանգվում է, քանզի Հայաստանն ուղղակի դատարկվում է:

Քաղաքական էլիտան անցողիկ է, իսկ պետությունը մնայում արժեք է, ուստի եթե ներկայիս քաղաքական էլիտան չի կարողանում լուծել իր առջև դրված կարևորագույն խնդիրը՝ գործել բացառապես ի շահ պետության, այլ տարված է քաղաքական ինտրիգաների ստեղծմամբ և հաղթահարմամբ, ապա այն պետք է հեռանա կամ հեռացվի:

Նույն շարքից