Գլխավոր Հասարակություն 

Պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ-ում բարձրացրեց Անի Հովհաննիսյանի հարցը

analitik.am

Այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ում ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդման մասին քննարկման ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ անդրադառնալով  մասնավորապես Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործին:

Տիկին Թանդիլյանի խոսքերով իրեն անհանգստացնում է այն, որ դատախազը թյուր կարծիք է համարում այն, որ կալանքը շատ հաճախ անտեղի է կիրառվում, քանի որ շատ հաճախ այդ միջոցն ընտրելիս հիմնավորումները չեն բավարարում, սակայն այլ խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները մերժվում են:

ԱԺ պատգամավորի նշեց, որ ամբողջ աշխարհում մոտեցումները փոխվում են սակայն, Հայաստանում ամեն ինչ մնում է նույնը:

Ապա տիկին Թանդիլյանը, ըստ էության, անդրադարձավ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործին՝ հայտարարելով հետևյալը. «Ես հարցեր հնչեցնելու ժամանակ պատահական չհարցրեցի՝ արդյո՞ք մասնագիտությունը կարող է հիմք հանդիսանալ կալանքը որպես խափանման միջոց այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը չբավարարելու համար: Պարզվում է, որ կա մի դեպք. Ձերբակալվել է մի լրագրող և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ այն փոխարինելու միջնորդությունը չի բավարվել այն հիմնավորմամբ, որ լրագրողը կարող է նյութեր հրապարակել: Իհարկելը լրագրողն իր մասնագիտությամբ պայմանավորված կարող է նյութեր հրապարակել»:

Հիշեցնենք, որ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն արդեն մեկ տարուց ավել գտնվում է կալանքի տակ, իսկ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման հիմքերից մեկն էլ հենց այն, որ նա կարող նյութեր հրապարակել ազատության մեջ, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել է Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

«Ինձ անհանգստացնում է հետևյալը՝ արդյո՞ք մենք կարող ենք լուռ հետևելու  դրան, որ յուրաքանչյուր լրագրողի նկատմամբ գործ հարուցելիս առաջին հերթին և ըստ էության նրա մասնագիտությունը որպես հիմք է ընդունվելու և բոլոր լրագրողների նկատմամբ կալանքը կիրառվելո՞ւ է որպես խափանման միջոց: Փաստորեն լրագրողներն անհավասար պայմաններում են գտնվում օրինակ հաշվապահների նկատմամբ: Հետևաբար ես խիստ խտրական վերաբերմունք եմ տեսնում այս մասնագիոտության տեր մարդկանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցում»,-շարունակեց պատգամավորը՝ հավելելով, որ մեկ տարուց ավել ՔԿՀ-ում մնալն արդեն իսկ պատիժ է երիտասարդ կնոջ, լրագրողի կամ առահասարակ յուրաքանչյուր մարդու համար և նշելով, որ լրագրողների նկատմամբ նման մոտեցումը լուրջ վտանգ է Հայաստանում խոսքի ազատության, ժողովրդավարության կայացման համար:

Թանդիլյանը խոսեց նաև Անի Հովհաննիսյանի գործով դատական վերջին նիստի մասին՝ հիշեցնելով, որ այն չկայացավ, քանի որ ոստիկանական ավտոմեքենա չի եղել կալանավորին դատարան տեղափոխելու համար և սա այն դեպքում, որ գործը ձգվում է արդեն ավելի քան մեկ տարի. «Ես գտնում եմ, որ այն անձինք, որոնց նկատմամբ կալանքը որպես խփանամն միջոց ընտրվում է անհիմն, ենթարկվում են պատժի կամ հաշվեհարդարի»:

Վերջում պատգամամովրը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին՝ կոչ անելով վերանայել 2016 թվականից երկող գործերը:

 

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելը մտահոգիչ երևույթ համարեց նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ում Հայաստանն այդ մասով արդեն խնդրներ ունի և տեղյակ պահելով այդ մասին Գլխավոր դատախազ Արթուր Դանիելյանին:

Առհասարակ հարկ է նշել, որ  հարցերի և ելույթների ժամանակ բոլոր պատգամավորները, այդ թվում նաև իշխանական, մտահոգություն հայտնեցին կալանքը որպես խափանման միջոց ընդունելու պրակտիկայի մասին՝ նշելով որ պետք է փոփոխություններ կատարել այս հարցում և որոշում կայացնելիս պետք է հիմքերն ավելի ուժեղ լինեն:

Իր եզրափակիչ ելույթում Արթուր Դանիելյանն ասաց, որ լսեց բոլոր կարծիքները և անհրաժեշտ եզրահանգումներ կարվեն:

 

Նույն շարքից