Վերլուծական Քաղաքականություն 

Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց հանուն Գալուստ Սահակյանի

analitik.am

Արդեն լիովին պարզ է, որ արմատական փոփոխությունները, վերաբերում էին Գալուստ Սահակյանին: Փաստորեն Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, որպեսզի Գալուստ Սահակյանի նման պայծառ երևույթը՝ ինչպես բնորոշել է նրան Արմեն Աշոտյանը, դառնա ԱԺ նախագահ: Նոր ձևավորված կառավարությունից առանձնապես սպասելիքներ ոչ ոք չունի, երևի թե կառավարության անդամներն էլ են դա հասկանում, ինչի մասին է վկայում նրանց հանգիստ ու անվրդով կեցվածքը՝ մասնավորապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանգստությունն է զարմացնում այն դեպքում, երբ ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը: Իհարկե, բոլորը միաձայն կխնդրեն Աշոտյանին այլևս բարեփոխումներ չանել, թեկուզ մնալ նախարար, բայց բարեփոխման մասին անգամ չմտածել, սակայն Աշոտյանը մարտական է տրամադրված: Ցուցարարները բողոքում են, իսկ Արմեն Աշոտյանը ՖԲ-ում ստատուս է գրում՝ հրավիրելով նրանց քննարկման:


Աշոտյանից հետ չեն մնում նաև մնացած արդեն հնացած նախարարները, որոնց ոչ մի կերպ փոխարինել չի ստացվում: Իհարկե ներկայիս պայմաններում ողջունելի է ավանդապաշտությունը և կայունությունը, սակայն Սերժ Սարգսյանի նման պահվածքը՝ նախարարների հետ կապված, լավ կլիներ կիրառվեր օրինակ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, որտեղ ավելի շատ ողջունվում է կայունությունը և փաստավորված կողմնորոշումը, քան անկանխատեսելի թարմ հայտարարությունները:


Թարմություն անչափ անհրաժեշտ էր ՀՀ ներքաղաքական ոլորտում, այլ ոչ թե արտաքին քաղաքական, սակայն մեզ մոտ լրիվ հակառակ վիճակն է՝ մարդիկ արդեն նորություններ էլ չեն ուզում կարդալ, քանզի վախենում են հանդիպել բարեփոխում բառին: Յուրաքանչյուր ոլորտում նախորդ՝ արդեն այս կառավարության կողմից իրականացված բարեփոխում վերածվեց չարիքի, ուստի սպասելիքների մասին ոչ ոք չի խոսում՝ ի՞նչ խոսել, եթե փաստացի տարիներ շարունակ քայքայում և հետընթաց է տեսել հասարակությունը: Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանն էր մեղավոր, իսկ հանրապետական այրերը, ովքեր այդ նույն Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության կազմում գործում էին, այս ընթացքում երևի թե զբաղված էին համակարգչային ընդհանուր ծրագրերի և սոցիալական ցանցերի ֆունկցիաների սերտմամբ:



Արմեն Ասլանյան

Նույն շարքից