Հասարակություն 

Վերնիսաժում տաղավար վարձելը մեծ խնդիր է դարձել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին տաղավար վարձակալելը կամ տեղ վերցնելը դարձել է մեծ խնդիր ոչ միայն նորեկների, այլև Վերնիսաժի հնաբնակների համար: Եվ այդ խնդրի պատճառով տուժում են ոչ միայն վերնիսաժցիները, այլև տնօրինությունը: Ու թեև տեղերը սահմանափակ են, իսկ ցանկացողները՝ շատ–շատ, բայց այդպես էլ դեռևս չի հաջողվում հարցին լուծում տալ և ազատ տարածքներում սեղանիկներ տեղադրել, դրանք նույնպես վարձով տալ ու գումար աշխատել:

Այս անհամամասնությունը խախտել է բոլորի՝ վերնիսաժցիների ու տնօրինության անդորրը, որը վերականգնել առայժմ չի ստացվում: Հարցին լուծում տալու համար այգու վարձակալները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ նոր շարժական սեղաններ կամ համատեղ ջանքերով այլ լուծում գտնելու համար:

Տնօրենի խոսքով՝ այս պահին հին վերնիսաժցիներից շատերն են զրկվել շաբաթ և կիրակի օրերին այնտեղ առևտուր անելու հնարավորությունից: Տնօրինությունը ստիպված է եղել մարդկանց տրամադրվող տեղերը որոշ չափով փոքրացնել, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա տեղավորվել այնտեղ, սակայն դա էլ հարցի լուծում չի եղել: Եվ հիմա 200 մարդ զրկվել է իր նախկին տեղից էլ, նորից էլ:

Նրանց մեջ կան նաև ժողովրդական վարպետներ, արվեստագետներ, բայց տեղի սակավության պատճառով նրանք էլ են նույն ճակատագրին արժանացել:

Ինչ վերաբերում է մնացած օրերին, ապա տաղավարներն ազատ են, և ցանկացողները կարող են երկուշաբթիից ուրբաթ օրերին տեղ վարձել և Վերնիսաժի տարածքում առևտուր անել: Մեկ քառակուսի մետրի գինն օրական 1000 դրամ է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից