Վերլուծական Քաղաքականություն 

ԱՄՆ, ՈՒկրաինա, Ռուսաստան՝ «Բարին», «Լավը» և «Չարը»

analitik.am

Արևմուտքի արձագանքը Դոնեցկում և Լուգանսկում անցկացրած հանրաքվեի վերաբերյալ շատ կանխատեսելի էր: Այն, ինչ աշխարհում կատարվում է առանց Ամերիկայի սահմանած պատժամիջոցների, չարակամություն է: Բոլոր իրադարձությունները դառնում են վատ կամ լավ, բարի ու չար, օրինական կամ անօրինական ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների որոշմամբ և ցանկությամբ:


Հենց այդ պատճառով էլ մայիսի 12-ին ԱՄՆ ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի ընդունում Դոնեցկում և Լուգանսկում մայիսի 11-ին անցկացրած հանրաքվեի արդյունքները: «Մենք անօրինական անցկացրած հանրաքվեի արդյունքները երբեք չենք ճանաչի: Այն Ուկրաինայի օրեսնդրության դեմ էր»,-բացատրել է նա: ԱՄՆ-ի այս հայտարարության հետ համարյա ամբողջ աշխարհը համաձայնեց և, ընկնելով էյֆորիայի մեջ, դեմ դուրս եկավ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդի ցանկությանը: Բայց ահա ինձ համար այս հարցում մի քանի մութ կողմեր կան. ԱՄՆ-ն օրենքի երկի՞ր է և դեմ է անօրինականությա՞նը:


Այդ դեպքում Վաշինգտոնը ինչու՞ «Աջ Սեկտորի» մայդանյան գործողություններն օրինական ճանաչեց: Կամ արդյոք օրինական էր այդ ճանապարհով ժողովրդի կողմից ընտրված Ուկրաինայի նախագահին հեռացնելը: Չնայած, երևի Վաշինգտոնը մտածում է. «Լավ դա կարևոր չէ, աշխարհում քանի անգամ են նույն ճանապարհով հեռացրել նախագահներին, անգամ հաշվելն է դժվար: Չ՞է որ Յանուկովիչին հենց ուկրաինացիները տապալեցին»: Բայց այստեղ պետք է ավելացնել մեկ փաստ՝ այո՛, ուկրաինացիները տապալեցին, բայց Ամերիկայի և Արևմուտքի ֆինանսական օգնությամբ:


Վիկտորյա Նուլանդն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ այժմ Ուկրաինայում ձևավորվել է օրինական և ուժեղ իշխանություն՝ Տուրչինովի և Յացենյուկի գլխավորությամբ: Չեմ կարող ասել, թե այդ իշխանությունն ինչքանո՞վ է ուժեղ, սակայն մեկ բան հաստատ գիտեմ, որ այդ իշխանությունը օրինական չէ: Բայց ԱՄՆ-ն և Եվրոպան ճանաչեցին այն օրինական: Իսկ ահա Դոնեցկի հանրաքվեն անօրինական է, և կարևոր չէ, որ մի ամբողջ ժողովուրդ կողմ էր այդ հանրաքվեի անցկացմանը և դրա արդյունքների ճանաչմանը: Բայց դե Վաշինգտոնը թքած ունի այդ մարդկանց կարծիքի վրա, չէ՞ որ ամենակարևորը ԱՄՆ-ի ցանկությունն է: Եվրոպային և ԱՄՆ-ին հանրաքվեն անհանգստացրել է, սակայն նրանք թքած ունեն հազարավոր մարդկանց սպանությունների վրա:


ԵՄ-ն հանրաքվեի արդյունքների մասին ասաց. «Սա սարսափելի իրադարձություն է»: Չէ՞ որ Եվրոպան շատ «մարդասեր», «ժողովրդավար» և «արդար» է: Չէ՞ որ այն ամեն օր, ամեն վայրկյան պայքարում է աշխարհում սեռական փոքրամասնությունների իրավունքների ճանաչման համար և սատարում մայդանցիներին: Այժմ Ուկրաինայում այս երկու գլխավոր արժեքներն են գնահատվում՝ ԱՄՆ և Եվրոպա: Եվ այն ուկրաինացիները, ովքեր Օդեսայում սպանել էին տասնյակ մարդկանց, ԱՄՆ-ին և ԵՄ-ին բացատրեցին, որ նրանք ոչ թե մարդկանց են սպանել, այլ դավաճանների: Այժմ էլ իշխանությունները Դոնեցկում ոչ թե մարդկանց են սպանում, այլ ահաբեկիչների և դավաճանների:


Ուկրաինայում այժմ սպանություններն օրինական են, քանի որ դա ձեռնտու է ԱՄՆ-ին և Արևմուտքին: Այս սպանությունները բխում են նրանց աշխարհաքաղաքական շահերից, այդ պատճառով էլ «բարի» սպանություններ են: Եվ հակառակը՝ Դոնեցկում անցկացրած հանրաքվեի արդյունքները Արևմուտքի շահերից չի բխում և հենց այդ պատճառով էլ դա չարակամություն է և հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն և Արևմուտքը հանրաքվեի արդյունքները երբեք չեն ընդունի: «Մեր օրերում ամենակարևորը շահն է, իսկ արդարությունն ու օրինականությունը երկրորդական բաներ են». այսպիսին է Արևմուտքի կարգախոսը և հենց դրանով էլ այն առաջնորդվում է:

Նույն շարքից