Վերլուծական Քաղաքականություն 

Գալուստ Սահակյանն Աժ նախագահ է, թե՞ մանկապարտեզի վարիչ

analitik.am

ԱԺ-ի հապավումն արդեն կարելի է այլ կերպ բացել՝ օրինակ ապաշնորհների ժամանցավայր: Բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Ազգային ժողովում պատգամավորների մեծամասնությունը չի էլ գիտակցում, թե ինչի համար է գալիս ԱԺ, քանզի վերջին շրջանում բացի փոխադարձ հայհոյանքներից, վիրավորանքներից և մանկապարտեզական մակարդակի լեզվակռվից, այլ բան չենք տեսնում ԱԺ նիստերում: Գալուստ Սահակյանն էլ ԱԺ նախագահից արդեն վերածվում է մանկապարտեզի վարիչի, ով հանգստացնում է չարություն անող պատգամավորներին: Երկրի առջև ծառացած լուրջ խնդիրները թողած ազգովի ամեն օր ստիպված ենք լինում հիասթափվել այն քաղաքական էլիտայից, որն ինքն իրեն ընտրել է մահացածների ձայների, գնված ձայների, ինչում արդեն մեղավոր են հենց հասարակության անդամները, կարուսելների և այլնի միջոցով: Կբացատրի որևէ մեկը, թե ի՞նչ իմաստ ունի վերանորոգել կրկեսի շենքը, եթե արդեն ունենք գործող կրկես՝ այն էլ բավականին նորակառույց շենքում և Բաղրամյան փողոցի վրա: 

 

Քաղաքական էթիկա, պահվածք, գործելաոճ ասվածն իսպառ բացակայում է՝ տեսնում ենք միայն մի քանի հոգու, ովքեր գոնե խոսում են, գլխաքանակի, ովքեր անգամ տեղյակ էլ չեն, թե ինչ օրինագծի են կողմ կամ դեմ քվեարկում, քանզի հրամայվել է, որ պետք է այդպես անեն, և խիստ սակավաթիվ քաղաքականապես կայացած մարդկանց, ովքեր այս մսուր-մանկապարտեզում ուղղակի անելիք չունեն: 

 

Ամեն օր պատգամավորներից մեկն իր պարտքն է համարում որևէ հիմար արտահայտության հեղինակը և օրվա  հերոսը դառնալը, քանզի այս մարդկանց իրենց իբր թե PR-ից տեղյակ օգնականներն ու խորհրդականները ներշնչել են, որ կարևոր չէ լավ կխոսեն, թե վատ, միայն թե խոսեն իրենց մասին: Այս անգրագետ մոտեցումն արդեն այնքան է արմատացել մեր քաղաքական գործիչների մոտ, որ չեն էլ նկատում, թե ոնց են քաղաքական գործչից վերածվում հայտնի ծաղրածուի, որի ելույթները հազարավոր մարդիկ նայում են զուտ ծիծաղելու համար: Սա ողբերգություն է թե հասարակության, թե այդ նույն գործչի համար, ում հետագա քաղաքական կարիերան արդեն լուրջ հարցականի տակ է դրվում: 

 

Պատգամավորները նախ պետք է էթիկայի դասերի գնան, որպեսզի կարողանան իրենց պահել հասուն մարդու պես, այնուհետև  հայերենի դասերի, որպեսզի միտք արտահայտելուց ստիպված չլինեն  բառակույտ արտասանել և ծիծաղի առարկա դառնալ: 

 

Ինձ համար ամենևին հաճելի չի այս ամենը գրելը, քանզի որպես հայ ես ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ այս անգրագետ և ծիծաղելի վիճակն ԱԺ-ում:

 

Կարգի հրավիրեք ձեզ, հարգելի պատգամավորներ, այլապես պատմության մեջ ձեզ կհիշեն, որպես ՀՀ պատմության մեջ  եղած ամենաանիմաստ և ամենազավեշտալի գումարման ԱԺ-ն: 
Եվ որպես բարի խորհուրդ՝  կամ փոխեք ձեր   PR-ից փացարձակ չհասկացող օգնական-խորհրդականներին, կամ էլ եթե չունեք, գտեք մասնագետների, որպեսզի գոնե արտասահմանում խայտառակ չլինենք ձեր պահվածքի և անգրագիտության պատճառով, մինչև երկրում վերջապես գրագետ, հասարականպաստ  և պատրաստված քաղաքական էլիտա ձևավորենք:

 

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից