Հասարակություն 

Լեռնային տուրիզմն ու արշավները փրկարարների օրակարգում են

Հուլիսի 7-8-ը, 10-11-ը, 12-13-ը և 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի չորս փրկարարական ջոկատներ իրականացրեցին գիշերակացով արշավներ դեպի Արայի լեռ՝ «Լեռներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Արշավների նպատակն էր ռելիեֆային բարդ պայմաններում կատարելագործել փրկարարների գիտելիքները և գործնական ունակությունները:

Բարձրլեռնային գոտում 43 փրկարար որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրեց՝ տեղաշարժվելով լեռնային տարբեր լանդշաֆտներով, ապա փրկարարները կատարեցին երկարատև անցումներ և բարդ տեղամասերի հաղթահարում` այդ թվում գետանցման միջոցով: Խմբակային ապահովմամբ կատարվեց ժայռամագլցում, վերելք և վայրէջք տուժածի հետ, գիշերակացի կազմակերպում ` վրանների տեղադրում և կենսապահովման իրականացում:

ՀՀ ԱԻ նախարարությունը պարբերաբար կազմակերպում է նմանատիպ վարժանք-արշավները՝ կարևորելով ցանկացած դժվարին իրավիճակում փրկարարների պատրաստվածությունն ու, անհրաժեշտության դեպքում, լեռնագնացության սիրահարներին արագ օգնության հասնելը:

Հաճախ լեռնային տուրիզմի մասնակիցները ետ են մնում խմբից կամ մոլորվում են և, չկարողանալով կողմնորոշվել անծանոթ տեղանքում, խուճապի են մատնվում: Վարժանք-արշավները հնարավորություն են տալիս օգնության հասած փրկարարներին արդեն ծանոթ տեղանքում արագ իրականացնել որոնողական աշխատանքները և անվտանգ տարածք տեղափոխել մոլորված քաղաքացիներին:

Առաջիկայում նախատեսվում է արշավ-վարժանք կազմակերպել նաև դեպի Արագած լեռ:

Նույն շարքից