Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի համար վճռական 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը.
«Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել առեւտրի եւ ներդրումների, որոնք հայերի համար աշխատատեղեր կստեղծեն»:
Դեսպան Թոմսենի խոսքով, այսօր Հայաստանն ու Միացյալ Նահանգները անցում են կատարում հենց դեպի երրորդ փուլ, երբ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին նվազում է, սակայն փոխարենը երկիր են գալիս ամերիկյան ներդրումներ, որոնց շնորհիվ Հայաստանում նոր արտադրություններ կստեղծվեն: Այս կապակցությամբ ամերիկյան նախկին դիվանագետը շեշտում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի աշխատանքը, ով վերջերս այցելել էր Կալիֆորնիայում գործող առաջադեմ ընկերություններ.
«Դա փայլուն դիվանագիտության օրինակ է. նա փորձում է Google-ը, Microsoft-ը եւ այլ հսկաների Հայաստան բերել, որպեսզի Հայաստանում պատվիրեն ծրագրային որոշ լուծումներ»:
Մանրամասն՝ amerikayidzayn.com