Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Իլհամ Ալիևն իրականացնում է Ադոլֆ Հիտլերի քաղաքականությունը

analitik.am

Վերջին տարիներին Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունն էլ ավելի է սրում տարածաշրջանում լարվածությունը: Բաքում չի սահմանափակվում սպառնալի հոխորտանքով և լկտի պահվածքով, ազերի դիպուկահարների կողմից հայ մարտիկների սպանությունները, թշնամու դիվերսիոն խմբերի հարձակումները հայ դիրքապահների հենակետերի վրա, ինչպես նաև ներթափանցումը Արցախի Հանրապետության տարածք պայթունավտանգ իրավիճակ է ստեղծում հայ-ադրբեջանական շփման գոտում: Նման քաղաքականության իմաստը նրանում է, որ մի կողմից փորձ է արվում թեժացնել սառած հակամարտությունը՝ այն չվերածելով լայնածավալ ռազմական գործողությունների, իսկ մյուս կողմից՝ Բաքուն ձգտում է պարտադրել միջնորդ կողմերին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ պահանջելով փոխզիջումներ:



Պարզ ասած, Ալիևը շանտաժի քաղաքականություն է իրականացնում, որը երբեմն դրական արդյունքներ է տալիս: Ալիևի նման քաղաքականության հովանավորը հենց գերտերություններն են, որոնք տարածաշրջանում  իրենց սեփական շահերն ունեն:  Արևմուտքը ցանկանում է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատել, ինչպես նաև քաղաքական կայունություն, քանզի միայն այդ կերպ նա կկարողանա կյանքի կոչել էներգակիրների տարանցիկ նախագծերը: Պատահական չէ, որ Ադրբեջանի զինված սադրանքներին զուգահեռ լսում ենք նաև միջնորդ երկրների ստատուս քվոյի անթույլատրելիության վերաբերյալ ելույթները, քանի որ այն սպառնում է տարածաշրջանի կայունությանը:

 


Այսպիսով՝ գերտերությունները հանդուրժում են Ալիևի շանտաժի քաղաքականությունը: Նման կերպ  Ֆրանսիան և Բրիտանիան 2-րդ աշխարհամարտի նախօրեին հանդուրժում էին Հիտլերին՝ ամեն կերպ փորձում էին բավարարել Ադոլֆ Հիտլերի քաղաքական պահանջները: Օգտվելով նրանից, որ Ֆրանսիան և Բրիտանիան ամեն կերպ ցանկանում էին տարածաշրջանում խաղաղություն պահպանել, Հիտլերն իրականացնում էր սպառնալիքի և շանտաժի քաղաքականություն՝ պահանջելով Գերմանիային հանձնել այն տարածքները, որոնք Վերսալի դաշնագրով անջատվել էին, հակառակ դեպքում նա սպառնում էր սկսել ռազմական գործողությունները:


Այս կերպ Հիտլերը Գերմանիային միացրեց Հռենոսի մարզը, Ավստրիան, Սուդետները և ամեն անգամ նշում էր, որ ինքը պաշտպանում է գերմանական ազգի արդար իրավունքները:

Մյունխենում Հիտլերը միջազգային հանրությանը համոզում էր, որ Սուդենտները վերջին տարածքային պահանջն է, սակայն արդյունքում՝ Չեխոսլովակիայի մասնատումից հետո, մարդկությունը ներքաշվեց 2-րդ աշխարհամարտի մեջ:


Հիտլերի քաղաքականությունն այսօր իրականացնում է Ալիևը՝ պահանջելով միջնորդ կողմերից հակամարտությունը լուծել՝ ելնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, հակառակ դեպքում Բաքուն կդիմի ռազմական գործողությունների:


Սակայն, Ալիևի սպառնալիքները սին են, քանզի Բաքուն ի վիճակի չի կարճ ժամանակում հաջողությունների հասնել պատերազմում, իսկ երկարատև պատերազմն էլ ավելի շատ կքայքայի Ադրբեջանի տնտեսությունը՝ սպառելով վերջինիս ներուժը:


Միջազգային հանրությունն արդեն պատմական փորձ ունի գիտակցելու համար, որ ագրեսորի ախորժակի բավարարումը չի կարող խաղաղեցնել նրան: Ալիևը ցանկանում է զավթել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նա նաև տարածքային նկրտումներ ունի բուն ՀՀ-ի  նկատմամբ:



Եթե Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բացառում է 2-րդ հայկական պետության գոյությունը, ապա Ալիևը բազմիցս նշել է, որ «Երևանը, Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածքներ են»:



Պաշտոնական Երևանը պետք է բոլոր միջազգային հարթակներից գերտերություններին  և միջազգային հանրությանը բացատրի այս պարզ  ճշմարտությունը՝ կանխելով Ալիևի չհիմնավորված ամբիցիաների պատճառով հնարավոր բացասական հետևանքները, որոնք ներկայումս դրսևորվում են դեռևս ագրեսիայի ձևով:  



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից