Գլխավոր Հասարակություն 

Շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները Վայոց ձորում.Առաջին անգամ օգտագործվում են ջրամբարի պաշարները (թարմացված)

analitik.am

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են ջրամբարի պաշարները և օժանդակում է մասնավոր ընկերությունը:

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։

Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջում:

Դեպքի վայր է մեկնում 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով և 3 մարտական հաշվարկ:

Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնում են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։

ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնում ևս 5 մարտական հաշվարկ:

Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։

Ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Դեպքի վայրում են ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը:

Օգոստոսի 11-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից:

Ժամը 10:25-ի դրությամբ այրվել է 14 էլ. սյուն և հոսանքազրվել Արտավան գյուղը:

Նույն շարքից