Նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների համոզիչ հաղթանակը հնարավորություն է տվել վերջինիս ակտիվորեն միջամտել ու քննադատել Օբամայի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը: Ի տարբերություն երկրի նախագահի, հանրապետականները կողմ են կոշտ միջոցների կիրառմանը, անգամ հաշվի չառնելով միջազգային հանրության կարծիքը: ԱՄՆ-ի արտաքին ռազմաքաղաքական կարևոր խնդիրներից է համարվում Իրանի միջուկային ծրագիրը, Ուկրաինայի ճգնաժամը, Սիրիայում ու Իրաքում առկա պատերազմական իրավիճակը: Բոլոր այս հարցերում հանրապետականները նախագահին քննադատում են անվճռականության մեջ: Օբաման իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում ձգտել է բանակցային ճանապարհով հանգուցալուծել Իրանի միջուկային ծրագիրն ու բարելավել երկու երկրների փոխհարաբերությունները: Սակայն ինչպես ցույց տվեցին Վիեննայում կայացած Թեհրանի ու «Վեցյակի» միջև կայացած վերջին բանակցությունները, դա բավականին բարդ խնդիր է և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկարատև ու համբերատար դիվանագիտական աշխատանք:
Վիեննայում տեղի ունեցած ոչ արդյունավետ բանակցություններից հետո, մի խումբ հանրապետական կոնգրեսականներ կոչ են անում հրաժարվել Իրանի հետ բանակցություններից և նոր պատժամիջոցներ սահմանել այդ երկրի նկատմամբ ու զրկել վերջինիս ատոմային զենք ստեղծելու հնարավորությունից: Հասկանալի է, որ ԱՄՆ-ի կողմից քաղաքականության նման կտրուկ փոփոխությունը կսրի տարածաշրջանի առանց այն էլ լարված իրավիճակը: Սպիտակ տունը ձգտում է Իրանի ու իրաքյան քրդերի հետ համատեղ ուժերով պայքարել իսլամիստ ծայրահեղականների դեմ, նման պայմաններում հիմնովին կփոխվի քաղաքական ուժերի դասավորվածությունը Մերձավոր Արևելքում:
Իրանի աշխարհաքաղաքական մրցակիցներ Սաուդյան Արաբիան և Իսրայելը, որը դեռ մեկ տարի առաջ Օբամայի վարչակազմից պահանջում էր օդային հարվածներ հասցնել Իրանին, փորձում են փչացնել ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների ջերմացման գործընթացը: Սաուդյան Արաբիան ու Իսրայելը, սերտ կապեր ունենալով հանրապետականների հետ, փորձում են վերջիններիս օգնությամբ ճնշում բանեցնել Սպիտակ տան վրա: Հանրապետականները Կոնգրեսի երկու պալատներում կազմելով մեծամասնություն՝ ի վիճակի են ցանկացած օրենք ընդունել, որը սակայն պետք է վավերացվի նախագահի կողմից: Հայտնի է, որ Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի կարգավորման պատկերացումները հանրապետականների ու Օբամայի մոտ տրամագծորեն տարբերվում են: Հանրապետականներ համոզված են, որ անհրաժեշտ է ռազմական գործողություններ իրականացնել ԱՄՆ հակառակորդների դեմ և զինված ճանապարհով լուծել գոյություն ունեցող խնդիրները, ինչպես իրականացվում էր Բուշ կրտսերի հին ու բարի ժամանակներում:
Հանրապետականների այս դիրքորոշումը ցայտուն երևաց 2013թ. օգոստոսի 27- ին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման ժամանակ, երբ հանրապետականները, Սաուդյան Արաբիան և Թուրքիան պահանջում էին Օբամայից օդային հարվածներ հասցնել Բաշար ալ- Ասադի ուժերի ուղղությամբ: Սակայն, Օբաման դիմագրավեց այդ ճնշումներն ու Ռուսաստանի հետ Սիրիայի քիմիական զենքի հարցում կարողացավ միասնական ջանքերով խաղաղ լուծման տարբերակ գտնել, որը մեծ հիասթափություն առաջացրեց վերը նշված ուժերի նկատմամբ: Դժվար թե հանրապետականները փորձեն Իրանի նկատմամբ ընդունել նոր պատժամիջոցների հաստատման օրինագծեր, քանի որ նախագահը կօգտվի իր վետոյի իրավունքից և կարգելափակի այդ որոշումը, բայց հանրապետականներն Իրանի հարցում կշարունակեն իրենց քաղաքական շահարկումներն ու ճնշումները: Հանրապետականները դժգոհ են, որ Իրանի նկատմամբ, նախագահը վարելով մեղմ քաղաքականություն, վնաս է հասցնում տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանդական դաշնակցային հարաբերություններին:
Վիեննայում որոշվեց, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի մինչև մարտ ամիս: Այս պայմաններում Օբամային անհրաժեշտ է լինելու մինչև նախագահական ընտրություններ, վերջնականպես քաղաքական լուծում տալ Իրանի միջուկային խնդրին, այն կզրկի հանրապետականներին հետագա շահարկումներից և նշանակալի հաղթաթուղթ կլինի դեմոկրատների ձեռքում՝ նախագահական նախընտրական քարոզարշավի ընթացքում, որտեղ ամերիկյան հասարակությանը դեմոկրատները կարող են ցույց տալ, թե ինչպես են խաղաղ ճանապարհով կարգավորում քաղաքական դժվար հիմնախնդիրները:
Սարգիս Լևոնյան