Հասարակություն գլխավոր 

Եղել են շինծու փաստարկներ, որոնց նպատակն Անիին կալանքի տակ պահելն էր. Պատգամավոր Մանե Թանդիլյան. tert.am

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը  «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատավարության հետ կապված խնդրահարույց դրույթներ է տեսնում: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե իր կարծիքով ներպետական ատյանները սպառելուց հետո դատավճռի մասով հանգուցալուծումը կլինի Եվրոպական դատարանում, և իր համար ակնհայտ է, որ Հայաստանը տանելու է ևս մեկ պարտության ՄԻԵԴ-ում:  Միաժամանակ Թանդիլյանը շեշտեց՝ քանի դեռ գործն ավարտին չի հասել, իր մոտեցումը զուտ կարծիք է համարվում:

«Անիի գործով ծանրացուցիչ հանգամանք կար, որով նրա խափանման միջոցը կալանք էր ընտրվել, այդ գործով Անին արդարացվել է, սակայն նրան շարունակեցին կալանքի տակ պահել: Ըստ էության՝ դրանք շինծու փաստարկներ էին, որոնց նպատակն Անիին կալանքի տակ պահելն էր այնքան ժամանակ, քանի դեռ դատավարությունն ընթանում էր: Այնինչ Անին կարող էր լինել ազատության մեջ, տեղի կունենար դատավարությունը: Եթե նա ազատության մեջ լիներ, ապա դատարանը ստիպված չէր լինի նրան տալ դատական այնպիսի որոշում, ըստ որի Անին կբանտարկվեր 1.5 տարվա ազատազրկման»,- ասաց Թանդիլյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ դատարանն այնպիսի վճիռ է կայացրել, որ արդարացնի Անի Հովհաննիսյանի խափանման միջոցը կալանք ընտրելը և երկարաձգելը: Մանե Թանդիլյանը նկատեց, որ խափանման միջոցը կալանք ընտրելու մասով ՄԻԵԴ-ը նույնպես փոխել է իր դիրքորոշումը:

Մանրամասն՝ tert.am

Նույն շարքից